ՀՀ կառավարությունը քննարկել է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկել է օրենքի այնպիսի փոփոխություն, որ կտակի վերացումը նոտարի կողմից վավերացվի գործարքի վավերացման կարգով, ինչը համահունչ է օրենքի դրույթներին: Գործադիրը պատգամավորին առաջարկել է նշված հարցը դիտարկել կառավարության կողմից մշակվող օրենսդրական փոփոխության նախագծի շրջանակում: Օրինագծի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն հանձնարարել է օրենքի հաջորդ փոփոխությունները ներկայացնելու դեպքում նվազեցնել նոտարական ծառայության վճարը:

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք միտված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամտի ու փոխկապակցված անձանց հայտարարագրերի հրապարակայնության և մատչելիության ապահովմանը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների մշակած անհատական տվյալների տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրման կարգը: Հանձնաժողովը հնարավորություն կունենա վերլուծել էլեկտրոնային առցանց եղանակով ստացված հայտարարագրերը: Բացի այդ, 10-15 օրով կկրճատվի համապատասխան գերատեսչություններից պահանջվող տեղեկության ստացման ժամկետը:
ՀՀ կառավարությունը ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հաստատել խորհրդի կազմը, սահմանել, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ: Նիստում հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը:

Կառավարության որոշմամբ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների համար ՀՀ կառավարության 2014թ. մրցանակ է շնորհվել Երևանի կոնյակի գործարանին, Մեղրու ճանապարհաշինական ձեռնարկությանը, Սուրբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին, «Դիլիջան» հանքային ջրերի գործարանին և «Գյումրու գարեջուր» ՍՊԸ-ին:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ և հավանություն տվել բարեփոխված և կողմերի իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորելու նպատակով էապես լրամշակված պայմանագրին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լիազորություն է ստացել կառավարության անունից ստորագրել նշված փաստաթուղթը:

Նիստում հավանություն է տրվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին, որը մշակված է Եվրոպայի խորհրդի սահմանած ձևաչափին և ժամանակացույցին համապատասխան, ներառում է 2010-2013թթ. ժամանակահատվածի տեղեկատվությունը: