Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014թ. համագործակցության ծրագրի շրջանակում «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ամփոփիչ քննարկումը: Քննարկման մասնակցում էին պետական, հասարակական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց առաջխաղացման և հավասար հնարավորությունների ապահովման հարցերն ընդգրկված են ՊՆ պաշտպանական բարեփոխումների օրակարգում: Պարոն Տոնոյանը հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այս ոլորտում իրականացվող աշխատանքը և պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը:

Հետազոտությունը ներկայացվեց հեղինակների կողմից:

Քննարկմանը խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի ազգային պատասխանատուն, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, փորձագետներ:

Քննարկման մասնակիցներին ներկայացվեց նաև այս ոլորտում ՀՀ ՊՆ կողմից հետագա աշխատանքների ուղղվածությունը: