Այս օրերին պետական սահմանին լարվածությունը որոշ չափով թուլացել է: Իհարկե չի կարելի ասել, թե անդորր է, բայց փաստ է նաև, որ չկան իրար հաջորդող դիվերսիաներ՝ այն, ինչի ականատեսը եղանք հունվարին: Եթե ընդունելու լինենք այն տեսակետը, թե հունվարյան լարվածության պատճառներից մեկը Բաքվի ցանկությունն էր ռևանշի դիմել անցյալ տարվա օգոստոսյան ջարդի դիմաց, ապա փաստ է, որ ռևանշը ձախողվեց՝ վերածվելով նոր ջարդի: Այդ օրերին մեր բանակը ցավոտ հարվածներ հասցրեց թշնամուն և՛ Արցախում, և՛ Տավուշում:

Մի քանի տասնյակի հասնող կորուստները ստիպեցին ադրբեջանական կողմին հրաժարվել ակտիվ գործողություններից: Բաքվում կրկին դիմեցին ադրբեջանական բանակի կորուստները թաքցնելու ամենատարբեր, անգամ էկզոտիկ միջոցների: Այդ օրերին Ադրբեջանի տարբեր բնակավայրերում իշխանությունների պարտադրանքով՝ այն սպանված զինվորներին, որոնք ամենաանապահով ընտանիքներից են հողարկավորել են գիշերով: Ադրբեջանի իշխանություններն իրենց վարչական լծակներն օգտագործելով ստիպել են սպանված ասկյարների հարազատներին համակերպվել գիշերային թաղումների փաստի հետ՝ ոմանց լռեցնելով գումարով, իսկ ոմանց էլ՝ ահաբեկելով:

Ինչևէ՝ այս պահին սահմանին հակառակորդը զսպված է, և սա Սեյրան Օհանյանի կողմից առաջ քաշած «կանոնավոր ծեծի մարտավարությունը» բանեցնելու արդյունքն է: Այդ մարտավարության արդյունավետ լինելու ապացույցն է այն, որ անգամ ներքաղաքական լարվածության այս օրերին թշնամին սահմանին արտառոց ոտնձգությունների չդիմեց: Իսկ չդիմեց, քանի որ բանակը պատրաստ էր կտրուկ պատասխանի, պատրաստ էր կանոնավոր ծեծի հերթական բաժինը տալուն:

Պետք է սակայն իրատես լինել, և փաստել, որ այս լարվածության թուլացումը նույնպես ժամանակավոր է, և որ ամեն վայրկյան թշնամին կարող է դիմել նոր ոտնձգությունների: Ընդ որում՝ Ադրբեջանում տնտեսական իրավիճակի վատթարացումը նույնպես կարող է ստիպել թշնամուն լարվածություն ստեղծել պետական սահմանին՝ հանրության ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու համար: Եվ ակնկալել, թե որևէ արտաքին ուժ ապագայում հետ կպահի Ադրբեջանի նախագահին սահմանին լարվածություն ստեղծելուց՝ միամտություն է: Եվ ուրեմն՝ մեր հույսը մեր բանակն է՝ իր կանոնավոր ծեծի մարտավարությամբ: