Փետրվարի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակը կազմակերպեց հատուկ քննարկում, որի բանախոսներն էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը: Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ:

Բանախոսները բարձր գնահատեցին ԱՄՆ օրենսդիր իշխանության և, մասնավորապես, Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի ակտիվ դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու և դրանք ԱՄՆ քաղաքական օրակարգում ներառելու գործում:

ՀՀ դեսպանորդն իր ելույթում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ առանձին անդրադարձ կատարելով հարևան երկրների հետ հարաբերություններին, տարածաշրջանում ընթացող գործընթացներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ԵՄ հետ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերին: Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Հրաչյա Թաշչյանը ընդգծեց Միացյալ նահանգների ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում: