Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յ. Բաղդասարյանի նախագահությամբ, անհատ ձեռնարկատեր Շահեն Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և դատապարտել երեքուկես տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով՝ առանց գույքի բռնագրավման: Իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործվող «Աբովյան-բար» հյուրանոցային համալիրի մատուցողուհի Լիլիթ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն օժանդակելը և դատապարտվել 3 տարվա պայմանական ազատազրկման՝ մեկուկես տարվա փորձաշրջանով՝ առանց գույքի բռնագրավման:

Դատարանն ապացուցված է համարել մեղադրանքն, ըստ որի անհատ ձեռնարկատեր Շահեն Հարությունյանն իր կողմից օգտագործվող «Աբովյան-բար» հյուրանոցային համալիրում 2010թ. ապրիլից մինչև 2012թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում մատուցողուհի Լիլիթ Մարգարյանի օժանդակությամբ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝ դրա համար պահելով, ղեկավարելով և օգտագործելով երկու կամ ավելի անձանց: Լիլիթ Մարգարյանի հետ պայմանավորվածության համաձայն, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, գումարի դիմաց հիշյալ հաստատության առանձնասենյակները մատուցողուհու միջոցով տրամադրել է մարմնավաճառներին: Նրանցից յուրաքանչյուր անգամ առանձնասենյակ տրամադրելու դիմաց գանձված 6.000-ական ՀՀ դրամից 1.000-ական ՀՀ դրամը՝ որպես աշխատավարձ վճարել է Լիլիթ Մարգարյանին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:

Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով՝ ամբաստանյալների միջնորդությամբ: Նրանք հայտնել էին, որ համաձայն են մեղադրանքի հետ, մեղքն ընդունել են ամբողջությամբ, անկեղծորեն զղջացել են կատարվածի համար, համագործակցել են նախաքննության մարմնի հետ: Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Մ.Մարտիրոսյանը մինչև դատաքննություն սկսելը, դատական նիստի նախապատրաստական մասում փոխել էր իր դիրքորոշումը, չէր առարկել արագացված կարգով գործը քննելու միջնորդության դեմ, և դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը:

 
«Փաստինֆո»