Մայիսին Վիեննայում կկայանա «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը: Հայտնի է, որ Հայաստանից մրցույթին կմասնակցի «Genealogy» խումբը: Մրցւյթի մասնակիցներից Ադրբեջանը արդեն իսկ մեղադրել է Հայաստանին` քաղաքականացնելու համար:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայանալու է Don’t Deny («Մի՛ ժխտիր») երգով: Ինչպես նշում է asbarez-ը, նույնանման մեղադրանքներ են հնչեցվել նաև Ֆրանսիայի հասցեին, որն այս տարի ներկայանալու է «N’oubliez Pas» («Մի՛ մոռացեք») երգով:
Ադրբեջանի հանրային հեռուստառադիոընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, թե «այս մրցույթը չի կարող դառնալ որևէ երկրի քաղաքական հավակնությունների զոհն ու վերածվել քաղաքականություն վարելու դաշտի»: Հավելենք նաև, որ մրցույթի թուրք երկրպագուները խնդրագիր են ներկայացրել` Եվրոպական հեռարձակողների միությունից պահանջելով որակազրկել Հայաստանին ու Ֆրանսիային:
Հիշեցնենք նաև, որ խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում: