Եթե Ռուսաստանը չպահպանի Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնությունները, ԱՄՆ-ն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, գրում է vz-ն:

Նա հայտնել է ԱՄՆ-ի խորին անհանգստությունը Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների և անջատողականների աջակցության շարունակման հարցում:

Նրա խոսքով՝ այդ քայլերը չեն համապատասխանում Մինսկի համաձայնություններին:

Էռնեստը կոչ է արել Մինսկի համաձայնությունները ստորագրած բոլոր կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Ներկայացուցիչը նաև ասել է, որ իրենք համագործակցելու են իրենց եվրոպացի գործընկերների հետ՝ ճնշումն առավելագույնս ուժեղացնելու համար:

Հիշեցնենք, որ օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: