Ռուսական կողմը բացասական պատասխան է տվել, որ Պերմյակովի գործը հանձնվի հայկական կողմին: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին Գյումրիի «Շիրակ» գերեզմանատանը ասաց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ Ավետիսյանների ընտանիքի 7 հոգանոց ընտանիքի քառասունքի արարողությունից հետո:
Հայ ժողովրդի և գյումրեցիների պահանջը մնում է և որ պահանջն արդարացի է, ասում է պատգամավորը: Նա մասնավորապես նշեց.
«Ես անձամբ Մոսկվայում էդ հարցը բարձրացրել եմ: Մեր գյումրեցիների, մեր հայ ժողովրդի պահանջը ներկայացրել եմ, որ մեր ցանկություններ է, որպեսզի հանձնվի հայ իրավապահների և դատավարությունն ընթանա մեր կողմում: Պատասխանը, ցավոք, բացասական է եղել, որ պատրաստ չեն հանձնելու»:
Մարտուն Գրիգորյանը հայտնեց նաև, որ ռուսները պատրաստ են համատեղ քննչական գործողությունները Հայաստանում իրականացնելու, դատավարությունը Հայաստանում իրականացնելու: Իսկ թե պատիժը կոնկրետ որտեղ է կրելու, էդ առումով հստակ պատասխան չտվեց:
Արարողությանը ներկա էին նաև Ավետիսյանների հարազատները, որոնք լրագրողների հետ զրույցում նշեցին.
«Ոչ մի հարցի պատասխան էլ չենք ստացել կոնկրետ, ու մինչև այսօր ոչ մեկս ոչինչ չգիտի, ու ինձի կթվա, որ հլը երկար ժամանակ էլ չեն ասի, մինչև իրենք...չգիտեմ»:


