ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ԱԺ նիստերից բացակայությունների խնդրին, հաշվի առնելով, որ ԱԺ նիստերից ամենից շատ բացակայող պատգամավորներից մեկն էլ ինքն է։ Նա այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Վերջին շրջանում որոշ պաշտոնական աղբյուրներ մի քանի անգամ նշել են իմ անունը ԱԺ նիստերից բացակայողների ցանկում։

Անշուշտ, հայտարարված թվերը պետք է ստուգել։ Մանավանդ, որ բոլոր բացակայությունները կապված են դասավանդելու հետ։

Այնուամենայնիվ, ընտրողներիս պետք է բացատրեմ, որ 2.5 տարվա մեջ միայն ես առաջարկել եմ 20 օրենքի նախագիծ (խոստացած 50-ի 40%-ը)։ Սա ավելի քիչ չէ, քան որոշ ֆրակցիաներ ամբողջությամբ։

Հիշեցնենք, որ ՀԿ խորհրդի նիստում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ գործընթաց է սկսվելու Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ, նշելով, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների բացակայությունների օրինականությունը ստուգելու գործընթաց էր սկսել։

Նշենք, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ն ընկած ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:

2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:

3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա:

4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:

5-րդ տեղում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն է՝ 33 բացակա:

6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝ «Յուվեցի Կարոն»՝ 33 բացակա:

7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:

8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ Ռուբոն»՝ 31 բացակա:

9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:

10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, հետո ԲՀԿ շարքերը համալրած, ապա նաեւ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով»: