Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4±1,5% տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին` կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, գնաճի հաշվետվության համաձայն` արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015 թ. տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան` աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
Ելնելով մինչև փետրվարի 10-ն առկա տեղեկատվության հիման վրա իրականացված կանխատեսումներից՝ ԿԲ-ն առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը (ներկայում 14,5%)՝ նպատակ ունենալով նվազեցնել շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները: Այս պարագայում ԿԲ-ն տարեսկզբից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ներկայում` 10,5%), այսպիսով, շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները մոտեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ինչը կնպաստի ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացման ամրապնդմանը:
Գնահատելով և վերլուծելով ֆինանսատնտեսական շուկայի զարգացումները՝ Կենտրոնական բանկը գործի է դնում անհրաժեշտ գործիքակազմ՝ գնաճի տատանումները թույլատրելի միջակայքում պահելու և, ըստ այդմ, իր հիմնական խնդիրն իրագործելու ուղղությամբ: