Շուրթերի մեծացումը, պլաստիկ մյուս վիրահատությունների համեմատ, կոսմետիկ վիրաբուժության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում: Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում, իսկ շքեղ փքված շուրթերը միշտ էլ կանացի գեղեցկության կարեւորագույն չափանիշ են եղել:

Տղամարդուն գերելու համար հարկավոր է միայն ժպտալ: Բազմաթիվ կանայք հանուն գայթակղիչ եւ փքված շուրթերի շատ զոհողությունների են պատրաստ, նույնիսկ՝ վիրահատական միջամտության:

Շուրթերի ուրվագծի փոփոխության վիրահատությունը տեղային անզգայացմամբ տեւում է մի քանի ժամ: Դրանից հետո մեկ-երկու ամիս բերանի շուրջ կարող են հետքեր նկատվել, սակայն արդյունքը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: 

Եթե պատրաստ չեք կտրուկ փոփոխության եւ առայժմ չեք ցանկանում շուրթերին այլ ձեւ տալ, ձեզ կօգնի հիալուրոնաթթվի հիմքով գելով շրթունքների ծավալի մեծացման տարբերակը: Այս թթուն մեր մաշկի բնական բաղադրիչն է, որը պահպանում է ջրային հավասարակշռությունը: Այն հատուկ շատ բարակ ասեղով շուրթերի մեջ ներարկում են տեղային անզգայացմամբ: Ամբողջ գործողությունը տեւում է շուրջ 30 րոպե: Այնուհետեւ մերսման միջոցով շուրթերին անհրաժեշտ ձեւ ու ծավալ են հաղորդում: 

Այս թթուն 4-6 ամիս անց ներծծվում է, բայց դրա տեղում ջուր է հավաքվում: Այդ պատճառով դեռ երկար ժամանակ շուրթերը փքուն են լինում եւ շրթներկի կարիք չի զգացվում: