Կյանքի 67-րդ տարում վախճանվել է հայտնի գործարար Բորիս Բերեզովսկին: «Lenta.ru»-ի փոխանցմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փեսան` Եգոր Շուպպեն: Մանրամասներն առայժմ հայտնի չեն:
Դեմյան Կուդրյավցևի տեղեկություններով` գործարարը մահացել է Լոնդոնում` տեղական ժամանակով ժամը 11-ին: Բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստաբան Ալեքսանդր Դովրովինսկին էլ գրում է, որ Բերեզովսկին, իբր, ինքնասպան է եղել: Սակայն այս տեղեկատվությունը ևս այլ աղբյուրներ չեն հաստատում:
«ИТАР-ТАСС»-ն էլ, հղում կատարելով գործարարի շրջապատի աղբյուրներին, հայտնում է, որ նրան հայտնաբերել են մահացած իր լոնդոնյան տան լոգարանում:
Ըստ «РИА Новости»-ի, փաստաբան Անդրեյ Բորովկովը, ով ներկայացնում է Բերեզովսկու շահերը Ռուսաստանում, ոչ հաստատել և ոչ էլ հերքել է գործարարի մահվան մասին տեղեկությունները: Այդուհանդերձ` Բերեզովսկու մահվան մասին լուրը հաստատել է գործարարի կողմից ստեղծված Քաղաքացիական ազատությունների հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Գոլդֆարբը:
Բ.Բերեզովսկին լքել է Ռուսաստանը 2000թ.-ին այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ քննչական մարմինը մտադիր է նրան մեղադրանք առաջադրել այսպես կոչված «Աէրոֆլոտի գործով»` պետական միջոցների յուրացման համար: Գործարարը պնդել է, որ գործի հարուցման պատճառը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հակամարտությունն է: 2003թ.-ին նա քաղաքական ապաստան է ստացել Միացյալ Թագավորությունում,-գրում է Փաստինֆոն:
2008թ.-ին «Forbes»-ը Բերեզովսկու կարողությունը գնահատել է 1,3 մլրդ ԱՄՆ դոլար: