Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով է հանդես եկել ՀՀ տրանսպոտի և կապի նախարարությունը:
Նշվել է, որ նախարարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված 5 գերակա խնդիրները սահմանված ժամկետում կատարվել են: Ընդունվել է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիրը, օրենսդրական կարգավորում է ստացել տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների բնագավառը: Արդյունքում՝ ֆիզիկական անձանց իրավունք է տրվել տաքսի ծառայություն մատուցել, կրճատվել են լրացուցիչ ծախսերը և վարչարարությունը, միաժամանակ բարձրացվել են ուղևորների շահերի պաշտպանությանը ներկայացվող պահանջները:
Նախորդ տարվա ընթացքում շարունակվել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման, պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրով Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին հատվածների կառուցման աշխատանքները: Զեկուցվել է, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագրի ֆինանսավորման համար համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական ներդրումային բանկի և Համաշխարհային բանկի հետ: Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև երկաթուղու և կապի բնագավառներում իրականացված աշխատանքների արդյունքները:
Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության նպատակով կատարվել են ճանապարհային քարտեզով նախատեսված տրանսպորտի բնագավառին առնչվող բոլոր միջոցառումները:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջիկա ծրագրերին և գերակայություններին: Նշվել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհաշինական, թվային հեռուստահեռարձակմանն անցնելուն և ընթացիկ տարվա համար նախատեսված այլ ծրագրերի իրականացման աշխատանքները:
Կարևորելով տրանսպորտի և կապի բնագավառում նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է գերատեսչությանն ակտիվացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման աշխատանքները: Կառավարության ղեկավարը կարևորել է նշված ճանապարհաշինական աշխատանքների որակյալ իրականացումը և նշել, որ աշխատանքների ընթացքը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: