Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվում է Գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանի, կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի, Համակարգչային գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի, ամուսիններ Արմինե Ենոքյանի եւ Արայիկ Ֆահրադյանի գործով դատական քննությունը:
Սվետլանա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Գեղարվեստի ակադեմիայում որպես ուսումնագիտական գծով պրոռեկտոր, 2012 թվականի մայիսին՝ ընդգրկվելով 2012-2013 թվականների ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով վերջինիս ակադեմիա ընդունվելու համար 2012 թվականի ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են էդուարդ Բարբարյանի ծնողներից՝ Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրաղյանից՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը, իսկ 2012 թվականի մայիսին Խաչիկ Ազիզյանի միջոցով Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրաղյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի ՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք։ Հայկ Փայասլյանին և Խաչիկ Ազիզյանին առաջադրվել է նույն մեղադրանքը` համապատասխանաբար ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի և կերպարվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնը չարաշահելու համար: Իսկ ամուսիններ Արմինե Ենոքյանին և Արայիկ Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք միջնորդի՝ ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիգյանի միջոցով խոստացել են առանձին պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերի կաշառք` իրենց որդու` Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դիմորդ` Էդուարդ Բարբարյանի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ընդունվելու համար: Խաչիկ Ազիգյանը նույն օրը կաշառքի առարկա հանդիսացող 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլարն անմիջականորեն փոխանցել է Սվետլանա Գևորգյանին։
Դատական քննության առաջին նիստին որպես վկա հրավիրված Էդուարդ Բարբարյանը նշեց, որ ինքն իր ծնողների` Ա.Ենոքյանի և Ա. Ֆահրադյանի հետ վերջինիս ընկերոջ` Գասպար Մելքոնյանի միջոցով ներկայացրել են Խաչիկ Ազիզյանին իր կատարած աշխատանքները իմանալու համար` կարող է արդյոք ընդունվել Գեղարվեստի ակադեմիա: Հանդիպման ժամանակ Ազիզյանը խորհուրդ է տվել անհատական պարապմունքների գնալ ակադեմիայի դասախոսներ Կարեն Գասպարյանի եւ Արթուր Թարմինյանի մոտ: Ինքը պարապել է վերջիններիս մոտ ընդհուպ մինչև ընդունվելը: Բարբարյանը ցուցմունքի ժամանակ նաև նշեց, որ իր ծնողների և Ազիզյանի միջև ևս մեկ անգամ հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ ծնողները ցանկացել են իմանալ ըստ այդ աշխատանքների կարող է ինքն անվճար ընդունվել ակադեմիա, իսկ Ազիզյանն ասել է, որ 4000 ԱՄՆ դոլար վճարելու դեպքում կարող է: Նա նաև ավելացրեց, որ քննությունների օրն ինքը գումարը տալու մասին ոչինչ չի իմացել: Դատախազ Գրիգորյանի հարցին, թե դահլիճում ներկա գտնվող Հայկ Փայասլյանին տեսել է քննության ժամանակ, Էդուարդը պատասխանեց, որ չի տեսել:
Դատաքննության հաջորդ նիստին հարցաքննվեց Խաչիկ Ազիզյանը, ով մի քանի անգամ նշեց, որ Բարբարյանի ծնողների հետ անվճար ընդունվելու մասին խոսք չի եղել, և նրանք խոսել են միայն ընդունվելու մասին: Իսկ դատավոր Պապոյանի այն հարցին, թե ինչից ելնելով է Ազիզյանը նշել 4000 դոլարը, վերջինս պատասխանեց, որ պարզապես այդ թիվն է ասել: Իսկ ամուսիններն ասել են, որ այդքան տալու հնարավորություն չունեն և, ընդհանուր համաձայնության գալով, պայմանավորվել են 3500 ԱՄՆ դոլար տալ: Ազիզյանն իր ցուցմունքում հավելեց նաև, որ ինքը տեղեկացրել է Ենոքյանին ու Ֆահրադյանին, որ պետք է մանրամասների մասին խոսի այլ անձանց հետ և վերջնական պատասխան կտա հետո, իսկ թե ում հետ, չի տեղեկացրել: Սվետլանա Գևորգյանի այն հարցին, թե ինչու է Ազիզյանը փորձել տեղեկանալ հենց իրենից Բարբարյանի ընդունվելու կամ չընդունվելու մասին, եթե նա ինքն անձամբ դա կարող էր անել, Ազիզյանը պատասխանեց, որ ավելի հավաստի իմանալու համար:
Սույն գործի դատական քննության վերջին նիստի ժամանակ` նախքան ցուցմունք տալը, Ազիզյանը տեղեկացրեց դատարանին, որ նախորդ օրը տված ցուցմունքից հետո Բարբարյանը դրսում վիրավորել, հայհոյել և թքել է իր վրա, փորձել է խփել, սակայն չի կարողացել: Այս պահին Բարբարյանը անթույլատրելի երպով խոսեց դատարանի դահլիճից` ասելով, որ դա սուտ ցուցմունք տալու հետևանքն է: Դատավոր Պապոյանը դատախազ Գրիգորյանի ուշադրությանը հրավիրեց սույն փաստի վրա հետագա գործողություններն իրականացնելու համար: Իսկ Բարբարյանի նկատմամբ սանկցիա կիրառեց` դուրս հրավիրելով դատարանի դահլիճից:
Ազիզյանի հարցաքննությունը շարունակվեց, որի ժամանակ նա դատարանին տեղեկացրեց, որ այս դեպքերից հետո դիմում է գրել ակադեմիայից դուրս գալու համար, որտեղ աշխատում էր 1991 թվականից: Նա նաև նշեց, որ նախքան Բարբարյանին օգնելն ինքն այլ առիթներ չի ունեցել որևէ մեկին օգնելու: Դատավորի այն հարցին, թե քննությունների ընթացքում ինքը հետաքրքրվել է Բարբարյանի գնահատականներով, Ազիզյանը պատասխանեց, որ չի հետաքրքրվել: Նա նաև տեղեկացրեց, որ վստահ էր, որ Գևորգյանը գիտեր, որ Բարբարյանն այսպես թե այնպես պետք ընդունվեր ակադեմիա: Դատավորի այն հարցին, թե ինչու է նա դիմել հենց Գևորգյանին, ոչ թե մեկ այլ մարդու, Ազիզյանը պատասխանեց, որ «Տեղում Սվետլանան էր, իրեն էլ ասացի»: Պատասխանին հետևեց դատավորի հաջորդ հարցը, այն է` եթե մեկ այլ մարդ լիներ տեղում, նրան էր դիմելու, Ազիզյանը պատասխանեց, որ մեծը Գևորգյանն է, նրան էլ դիմել է: Ցուցմունքից պարզ դարձավ նաև, որ Ազիզյանը նախաքննության ժամանակ սահմանված կարգից ավելի երկար ժամանակ է մնացել ոստիկանությունում:
Նիստի ժամանակ փաստաբան Երվանդ Վարոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ դատախազն արձանագրի այն փաստը, որ Ազիզյանը նշանակված ժամանակահատվածից ավելի երկար է մնացել ոստիկանությունում, ինչը լուրջ կասկածի տեղիք է տալիս:
Գործի դատաքննությունը շարունակվում է: Հաջորդ նիստը կկայանա սույն թվականի ապրիլի 9-ին:
Տաթև Հարությունյան