«Իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կան, բայց լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ իսկ պատճառով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի»- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և այլ պատգամավորների նիստերից բացակայությունների ստուգման գործընթացին։

Իսկ Ծառուկյանին մանդատից զրկելու հավանականության մասին խոսելիս Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը չի ցանկանում նման նախադեպեր ստեղծել, եթե առաջնորդվի ցանկություններով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նիստերը բոյկոտելը, ըստ ԱԺ նախագահի, դադար է՝ պայմանավորված նրանով, որ նոր քաղաքական իրավիճակ է, և մարդիկ պետք է կարողանան քննարկել և որոշումներ կայացնել: Նա կարծում է, որ այս զարգացումներից հետո էլ ԲՀԿ-ն կշարունակի իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում:

Անդրադառնալով ԲՀԿ-ի հրավիրած արտահերթ համագումարին՝ ԱԺ նախագահը նշեց, որ նորմալ է վերաբերում և որ նրանք պետք է իրենց ռազմավարությունը մշակեն: