Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե իրավահաջորդները պահանջում են գործի արագ, արդյունավետ քննություն, նրանք տեղեկատվության կարիք ունեն:
«Տուժողի իրավահաջորդները որոշակի առումով ցանկանում են մեր իրավական համակարգի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խիստ տեղեկատվության կարիք ունեն: Հասկանալի է, որ քննչական մարմինը տրամադրում է օրենքով սահմանված ողջ տեղեկատվությունը, սակայն Ավետիսյանների հարազատներն ավելի շատ տեղեկատվության են ակնկալում»,-հայտարարեց փաստաբանը:
Նա ասաց նաև, թե Ավետիսյանների հարազատներն ակնկալում են, որ գործի շրջանակներում ընթացող փորձաքննություններն արագ կատարվեն, արագ քննություն ընթանա, բացահայտվի հանցագործությունը:
Երեմ Սարգսյանը միաժամանակ նշեց, թե իրենք որևէ հիմք չունեն հայտարարելու, որ գործի քննությունը կանխամտածված են դանդաղ տանում:
Փաստաբանի խոսքով՝ տեղեկատվություն ստանալու համար իրենք դիմում են հայկական կողմին ու առանց որևէ խոչընդոտի, օրենքով սահմանված կարգով, օրենքով նախատեսված տեղեկատվությունը ստանում են:
«Իրավահաջորդների, հարազատների հետ երկար քննարկել ենք և եկել եզրահանգման, որ պետք չի այս պահին դիմել ռուսական կողմին՝ իրավահաջորդ ներգրավելու համար: Եթե դիմենք, կներգրավեն: Բայց, կոպիտ ասած, որոշակի առումով կդիտվի, որ ռուսական կողմի գործողություններն օրինականացում ենք, իսկ մենք պահանջում ենք, որ նրան հանձնեն հայկական կողմին»,- ասաց փաստաբանը, նշելով նաև, որ ռուսական կողմից իրենք մեծ ծավալի տեղեկատվություն չեն էլ կարող ստանալ:


