Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում:

Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը և որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները:

Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելով:
Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առաջ: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի և նրա զոհված որդու առաջ:

Կարծում եմ ճիշտ չէ հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ եմ եղել: Բայց եթե սա է չափանիշը, թող պարոն Ֆարմանյանն ասի՝ իր որդու կամ Մարտի 1-ի որևէ զոհի գերեզմանին քանի՞ անգամ է այցելել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նախորդ Մարտի 1-ից հետո ունեցած ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում քանի՞ անգամ է Մարտի 1-ի մասին հիշել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարկ եմ համարում նաև ընգծել՝ Հայ ազգային կոնգրեսի և անձամբ նրա ղեկավարի կողմից կազմակերպվող բերիական ոճի այս հարձակումները ընդամենը կարեկցանք են առաջացնում՝ ուրիշների ետևում թաքնվելու շարունակական և երկչոտ գործելակերպի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյան-Facebook