Իբր կյանքում քիչ են դաժանությունները, ֆիլմում էլ ավելի են կատարելագործում
Հետաքրքիր է, մինչեւ ե՞րբ է շարունակվելու հայկական սադոմազոխիստական «Հարազատ թշնամի» սերիալը:
Իբր կյանքում քիչ են մարդիկ ականատես լինում սպանությունների ու ինքնասպանությունների, հիմա էլ ամեն օր ֆիլմում պետք է ականատես լինեն, թե ոնց են ոխերիմ խնամիներ Կարպիչն ու Յուրի Բալայանը միմյանց հոշոտում, իրար վրա հարձակվում ու սպառնում իրար «արուն խմել»:Կամ էլ թե չէ աները փեսային անվերջ «մեծարում» է «դեբիլ» ածականով...Համա թե կերպարներ են հա՜...խնամին խնամու մորն սպանել է, հետո որպես «պարտքի զգացում» ՝ դստերն ամուսնացրել է նրա որդու հետ, իր որդուն էլ ՝ նրա դստեր հետ:
Հետո էլ, երբ արդեն երկճյուղանի խնամիական կապերից երեխաներ են ծնվել, խնամու հորն է մահվան դուռը հասցնում, հետո իր իսկ փեսային է պատանդ վերցնում....եւ այս կարգի բազում արնախում տեսարաններ:
Այս ամենի հետ մեկտեղ՝ գրեթե ամեն օր անարգվում է «մայր» հասկացողությունը. տարիներ առաջ իրենց մոր կողմից ճակատագրի բերումով լքված երեխաները համառորեն չեն ուզում ներել իրենց ապաշխարած մորը, որ երկար տարիներ հիվանդանոցում է եղել, ու անվերջ դատափետում են, անպատվում, անգամ՝ բռնության ենթարկում ու անվասայլակին գամվելու հասցնում:
Նույն սերիայի մեջ մի օրում եւ ինքնասպանության տանջալի փորձ է ներկայացվում, եւ մահամերձ հիվանդ, մերթընդմերթ էլ ՝հերոսներից մեկնումեկը հայտնվում է կամ հիվանդանոցում՝ կոմայի մեջ, կամ ՝ գամվում է անվասայլակին: Ու այս ամենը՝ հիստերիկ ճչոցներով, գոռգոռոցներով ու հիշոցներով, զազրախոսությամբ, հայհոյանքով:Որոշ դերասաններ էլ , երբ որ արտասահմանյան սերիալներում թարգմանելու գործ չեն ունենում՝ տեւական անհայտությունից հետո կրկին հայտնվում են այդտեղ ու ներկայանում իրբրեւ տեւական շրջագայությունից վերադարձած կերպար:
Գրում է Գայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում