2008թ-ի մարտի 1-ի դեպքերից անցել է 7 տարի, և այս տարիների փորձը ցույց է տվել, որ 10 զոհերի սպանությունը, որը բացահայտված է բոլորի համար, այդպես էլ չի բացահայտվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նրա կարծիքով հանցագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո: Նա մասնավորապես ասել է.

«Ընդամենը երկու շաբաթ առաջ ինձ նորից կանչել էին Հատուկ քննչական ծառայություն, գործը հանձնված էր նոր քննիչի: Հարցրի՝ ո՞ւր են նախորդ երկու քննիչները, քննիչ Հակոբյանն ասաց, որ նրանք այլևս չեն զբաղվելու, բոլոր գործերը հանձնված են իրեն: Նորից սկսեց հարցաքննել, կազմեց արձանագրություն ու երբ կարդացի, տեսնեմ վերևում գրված է՝ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով ունեցել ենք զոհեր: Ասում եմ, եթե դուք չեք բացահայտել գործը, չունեք մեղադրյալներ, ո՞նց եք որոշել, որ անզգույշ օգտագործման հետևանք է: Քննիչը որևէ բան չպատասխանեց: Ես նաև իրեն ասացի, որ իմ տղան մահացու վիրավորում է ստացել «Չերյոմուխա 7» տեսակի զենքից, որը արգելված զենք է հասարակության մեջ, ո՞վ է հրաման տվել զենքը հանել զորամասից, նորիս պատասխան չստացա»:

Ներկա էր նաև, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերից Արմեն Ֆարմանյանի հայր Վաչագան Ֆարմանյանն էլ ընդգծեց, որ իր միակ հույսը իշխանափոխությունն է: Նրան երկու անգամ ծանուցագիր են ուղարկել, հիմա էլ գործերն են առանձնացրել, իբր որ կարողանան շուտ հայտնաբերել հանցագործներին: 

«Այո, կան ՀԱԿ-ի անդամ նախկին գործիչներ, որոնք մինչև հիմա իմ տղայի գերեզմանի, իմ տան տեղը չգիտեն: Կարող եմ անուններ էլ տալ՝ Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան: Ես վիրավորված եմ, ի՞նչն է պատճառը, քանի տարի է դեպուտատ են, բայց լավ բան չեմ հիշում իրենցից: Հլը առաջին երկու տարին մի բան անում էին, Փաշինյանի թերթում նկարներ հոդվածներ տպվում էին, հիմա ընդհանրապես բան չկա, թող գան արտահայտվեն: Իրենց նման անձնավորություններ խորհրդարանում շատ են եղել՝ Շավարշ Քոչարյան, Սադոյան, իրենց պետք էր մտնել խորհրդարան մտան, բայց պետք է մինչև վերջ կանգնեին մեր կողքը»,- ասաց նա պատասխանելով հարցին, թե իր կարծիքով կա՞ն քաղաքական ուժեր կամ անհատներ: