Քննիչները պարզում են ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հանգամանքները: Մշակվում են այդ հանցագործության կատարման դրդապատճառների տարբեր վարկածներ: Հիմնական վարկածներից մեկը խանդի հողի վրա սպանությունն է:
«Աղջիկը, որի հետ եղել է Բորիս Նեմցովը սպանության պահին, Ուկրաինայի քաղաքացի է: Մենք արդեն պարզել ենք, որ վերջերս նա Մոսկվայից մեկնել է Շվեյցարիա, որպեսզի ընդհատի արհեստական հղիությունը Նեմցովից: Մենք չենք բացառում, որ դրա պատճառով կարող էր կենցաղային կոնֆլիկտ ծագել»,- պարբերականին ասել է իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյան: Խոսքը մոդել Աննա Դուրիցկայի մասին է, որը Նեմցովի սպանության միակ ականատեսն է:
LifeNews-ի փոխանցմամբ՝ աղջկա՝ հիությունն ընդհատելու ծախսերը հոգացել է Նեմցովը:
Բացի այդ, քննությունը չի բացառում, որ սպանության պատճառ կարող էր դառնալ նաեւ փողը, որը սպանված քաղաքական գործիչն ստանում էր արտասահմանյան հովանավորներից:
«Բորիս Նեմցովը բազմիցս մեկնել է Ուկրաինա եւ այնտեղ ակտիվորեն շփվել, այսպես կոչված, «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչների հետ, որոնց նպատակը Ռուսաստանում իշխանության տապալումն է: Նրանք կարող էին Նեմցովին միջոցներ տրամադրած լինել՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար: Այդ փողերի դիմաց Նեմցովի ուկրաինացի գործընկերները կարող էին ակնկալել ռուսական հասարակության պառակտման աշխատանքներ: Բայց ոչ մի պառակտում տեղի չի ունեցել, հակառակը, տեղի է ունեցել հասարակության համախմբում: Հասկանալով, որ արդյունք իրենք չեն ստանա, Նեմցովի հովանավորները կարող էին վերացնել նրան, որը չի կարողացել իրականացնել իրենց պլանները»,-պատմել է քննչական խմբի անդամներից մեկը:
Երրորդ վարկածը նույնպես կրում է քաղաքական բնույթ: «Սպանության նպատակը կարող է լինել սադրանքը, որի օգնությամբ ընդդիմախոսները ցանկանում էին հարվածել գործող իշխանություններին: Հնարավոր է, ներքին ու արտաքին ընդդիմախոսները որպես «զոհ» ընտրել են Նեմցովին, որը կնպաստի Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը»,-ասել է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր: