Լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, որ Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում ճանաչվել է մեղսունակ:
YerevanNews.am-ը կապ հաստատեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի հետ, ով հաստատեց լուրը.
«Իմ իմացած տեղեկությունները ոչ պաշտոնական են՝ հայկական կողմը փորձաքննություն չի էլ նշանակել: Եթե նշանակած լինեին մեզ միանշանակ պետք է որոշմանը ծանոթացրած լինեին, բայց չեն նշանակել: Խեսքը վերաբերվում է ռուսական կողմի տեղեկություններին: Այո՛, մեղսունակ է:
Մենք պաշտոնական տեղեկություն չենք կարող ունենալ, որովհետև ռուսական կողմի քննող գործում մենք պաշտոնապես ընդգրկված չենք:
Դա մեր դիրքորոշումն է եղել: Այնպես, որ տեղեկությունները մենք ևս հնարավոր է ստանանք լրատվական դաշտից: Եվ մի բան էլ ավելացնեմ՝ նման եզրակացությունից ես չեմ զարմանում, քանի որ բազմիցս եմ նշել, որ կատարված գործողությունները վկայում էին միայն գիտակցված և մտածված գործողությունների մասին, ինչը իրական հիմքեր էր տալիս կարծելու, որ նա հանցանքի կատարման պահին անմեղսունակ չի եղել»,-եզրափակեց Երեմ Սարգսյանը։