Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաև Ֆինանսների նախարարության միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը: Փոփոխություններով զգալի պարզեցվել են ներմուծման և արտահանման ընթացակարգերը. «ԵՏՄ անդամակցության շրջանակում ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումներ և վճարումներ չեն կատարվում:
Այսինքն, տնտեսվարողները միաժամանակ ազատվել են մաքսավճարից, մաքսատուրքից, ինչպես նաև մաքսային պահեստների պահպանման վճարներից»,- նշել է Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Հայկ Ստեփանյանը: Նոր կարգով ներկրումներով զբաղվող հայտարարատուներին նաև ժամանակ և լրացուցիչ ֆինանսական միջոցներ խնայելու հնարավորություն է ընձեռվել: Հայկ Ստեփանյանի խոսքով` ԵՏՄ երկրներից ներմուծված ապրանքները սահմանային կետերից միանգամից տեղափոխվում են ներկրողի պահեստ և ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում տնտեսվարողները, հարկային մարմիններին ներկայացնելով հարկային հայտարարագիր, վճարում են իրենց հասանելիք ԱԱՀ-ն:
«ԵՏՄ երկրներ կատարվող արտահանումների ժամանակ մաքսային միջնորդների կողմից ռուսերեն լեզվով և պարզեցված ընթացակարգով լրացվում է տարանցիկ հայտարարագիր, որից հետո կատարվում է նախաբացթողումային հսկողություն, ընդ որում, այն կարող է կատարվել ինչպես մաքսային պահեստում, այնպես էլ սահմանային մաքսակետում: Տարանցիկ հայտարարագրերի համար մաքսավճարներ չեն գանձվում, ապրանքի արտահանվող երկրում նույնպես մաքսային ձևակերպում չի իրականացվում և այն միանգամից տեղափոխվում է ստացողի պահեստ, ինչպես մեր երկրում է իրականացվում»,-տեղեկացրել է մաքսատան ղեկավարը:
Մասնագիտացված մաքսատունն այժմ սպասարկում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ավելի քան 1600 կազմակերպությունների: Այստեղ ձևակերպվող ներմուծումների մոտ 15 տոկոսն իրականացվում էր ԵՏՄ երկրներից, իսկ 85 տոկոսն՝ այլ երկրներից: Ի դեպ, ԵՏՄ անդամակցութան շրջանակում` պարզեցված ընթացակարգեր են գործում նաև երրորդ երկրներից ներմուծումների ժամանակ, մասնավորապես երկարացվել է մաքսային հայտարարագրի ներկայացման 10-օրյա ժամկետը. «Ներկայում ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքները կարող են հայտարարագրվել 60 օրվա ընթացքում` հետագայում ևս 60-օրով երկարաձգելու հնարավորությամբ` առանց տուգանքների վճարման»: Հայաստան «TIR» ցուցանակով բեռնատարներով հիմնականում ներմուծվում և արտահանվում են տարատեսակ տեխնիկա, տարբեր բնագավառներում կիրառվող թանկարժեք սարքավորումներ, դեղորայք, սննդամթերք և այլն: Ըստ Հայկ Ստեփանյանի, TIR կոնվենցիայի շրջանակում իրականացվող բեռնափոխադրումների ժամանակ լրացվում է ՄՃՓ գրքույկ: Իսկ դա նշանակում է, որ բեռների փոխադրման ամբողջ գործընթացն ապահովվում է միջազգային հսկողությամբ: ՄՃՓ գրքույկներով իրականացվող բեռնափոխադրումները կատարվում են ավելի սեղմ ժամկետներում, քանի որ տարանցիկ երկրներում լրացուցիչ ապահովագրումներ չեն պահանջվում: