Դիզայներ և մոդելավորող Դիանա Շատվերյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադառնում է դիզայներ Վահան Խաչատրյանի կայքերում տված հարցազրույցին ու հայտարարություններին՝ համարելով նրա ասածներն ու հայտարարություններն անհիմն: Մեջբերենք հատված Շատվերյանի գրառումից.
Ինչպես արդեն բազմիցս նշվել է քննարկվող զգեստի պատվիրատուի կողմից, ստորև լուսանկարում արտացոլված զգեստի նմանատիպ, նմանօրինակ զգեստ պատվիրելու և այն «Շատվերյան»նորաձևության տան դերձակների կողմից իրականացնելու մտահղացումը, նախաձեռնությունը և ցանկությունը բացառապես պատկանում է պատվիրատուին` Սուսաննա Սանթրոսյանին: Նա է որոշել զգեստի կտորի գույնը, ձևը: Զգեստի իրականացման հիմք ծառայել է ստորև ներկայացված լուսանկարը, որը նույնպես տրամադրվել է պատվիրատուի կողմից:
ԱՅՍԻՆՔՆ` Ձեր «հեղինակած» և պատվիրատուի նախասիրությամբ, մտահղացմամբ և նախաձեռնությամբ «Շատվերյան» նորաձևության տան դերձակների կողմից իրականացված զգեստների նմանությունը առաջացել է նրանից, որ Ձեր և պատվիրատուի ոգեշնչման աղբյուրը նույնն է եղել:
Այնուամենայնիվ, եթե աշխատանքային ծանրաբեռնվածությունս թույլ տար և ժամանակ ունենայի ուսումնասիրել Ձեր կայքերը և տեղեկություն ունենայի, որ նմանօրինակ զգեստ արտադրվել է նաև Ձեր ատելիեի կողմից /ինչը պարտավոր չեմ անել/, բնականաբար, ելնելով գործընկերության չգրված կանոններից, չէի հրապարակի քննարկվող զգեստի լուսանկարը: Ձեր ատելիեի կողմից նմանօրինակ զգեստ իրականացված լինելու հանգամանքի մասին առաջին անգամ տեղեկացել եմ լրատվական կայքերից, որոնք տեղադրել էին Ձեր անհիմն հրապարակումները:
Մենք վաղեմի ծանոթներ ենք և հանրային քննարկում ծավալելու փոխարեն կարող էիք զանգահարել ինձ և հայտնել Ձեզ անհանգստացնող հանգամանքները և զգեստի լուսանկարը կանհետանար իմ կայքից:
Ակնհայտ է, որ Ձեր ատելիեի և իմ նորաձևության տան դերձակների կողմից արտադրված զգեստի հեղինակը Դուք չեք հանդիսանում և այդ հարցի շուրջ Ձեր ծավալած վեճը բովանդազուրկ է:
Ինչպես արդեն հայտնել ենք կոնֆլիկտ էր ծագել երկու մոդելավորողների միջև՝ զգեստի պատճառով: