Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որով պահանջել էր տեղադրել նախարարության պաշտոնական կայքում կամ տրամադրել մեզ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014թթ. ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների և ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաև նույն ժամանակահատվածում նախարարության կողմից այդ հանքավայրերը շահագործող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքները:
Սակայն նախարարությունը՝ մեր կարծիքով և համոզմամբ, անհիմն մերժել է տեղադրել կայքում կամ տրամադրել այդ տեղեկություները: Պաշտոնական պատասխանում բերված փաստարկներն առ այն, որ դրանք ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» տարբեր հոդվածների համաձայն համարվում են երկրաբանական տեղեկություն և չեն կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության, ոչ մի աղերս չունեն օրենսդրության հետ, և խախտում են հանրության շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն ստանալու իրավունքը, քանի որ իրականում դրանց մեջ չկա ոչ մի երկրաբանական տեղեկություն։
Նախարարության կողմից իրականացված ստուգումների արձանագրությունների տրամադրման մերժումը նույնպես ահնիմն ենք համարում և տեղեկացնում, որ 2013թ.-ին դրանք մեր հարցումների արդյունքում առանց ոչ մի խնդրի տրամադրվել են նույն այդ նախարարության կողմից:
Մենք գտնում ենք, որ նախարարությունը կոպտորեն խախտել է հանրության տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը, և այս խնդրով դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քայլեր դրանք վերականգնելու ուղղությամբ: Պաշտպանը մեր այդ բողոքն ընդունել է քննարկման և ներկայումս ուսումնասիրում է այն: Դրական արդյունք չունենալու դեպքում՝ ՀԲՃ-ն կդիմի նաև այլ իրավասու մարմինների:
Հարկ ենք համարում նշել, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մերժել է տրամադրել նույնատիպ տեղեկատվություն նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներին՝ փաստացի զրկելով նրանց իրենց գիտական հետազոտությունները լիարժեք և օբյեկտիվ իրականացնելու հնարավորությունից։ Այդ մասին իր «Մեր ժողովրդի հարստությունն ինչո՞ւ է գաղտնի պահվում ժողովրդից» վերնագրված հոդվածում ահազանգել է երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը:
Ուզում եք բոլոր պաշտոնյաներին հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, մեր երկրի ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Բնականաբար այդ ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ով և ինչպես է տնօրինում և օգտագործում այդ հարստությունները։
Իսկ ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածում հստակ գրված է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
Հարց է առաջանում, թե ինչու է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները և ինչ ունի թաքցնելու հանրությունից։