«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում:

«Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում մի խումբ քաղաքացիներ և փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց գնած բնակարանների ճակատագիրը: Ավելին՝ մենք պարզեցինք, որ դեռևս 2014թ մի խումբ քաղաքացիներ և ընկերություններ դատական հայցեր են ներկայացրել գործարարի դեմ, որոնցից մի մասով վճիռները հրապարակվել են, և գործարարը պետք է վճարեր քաղաքացիներին կամ ընկերություններին հասանելիք գումարը:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մինչ ինքնասպան լինելը Աբրամ Ամիրխանյանը նամակ էր գրել և այն տվել էր իր տան աշխատողներին, որ անպայման փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որևէ մեկին: Ամենայն հավանականությամբ գործարարն այդ նամակում նշել էր այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը:

Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երևանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը և այլ շինություններ պատկանում էին նրան: Ամիրխանյանի կողմից կառուցված, Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: