Երևանի «Բանանցի» ավագԱրարատ Առաքելյանը ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է Հայաստան - Չեխիա հանդիպումից ունեցած իր ակնկալիքներով:
- Մենք այս պահին մեծ կորուստներ ունենք: Ես չեմ կարող ասել, թե չեխերն ինչպիսի ֆուտբոլ ցույց կտան, բայց մեր տղաների մասին կասեմ, որ նրանց համար շատ դժվար կլինի: Պետք է պայքարեն, և եթե թեկուզ չհաղթեն, գոնե միավորներ վաստակեն: Չեխերը ֆիզիկապես լավ պատրաստված և բարձրահասակ ֆուտբոլիստներ ունեն, կարող են երկրորդ հարկում հաջողության հասնելով գրավեն մեր դարպասը: Այդ պատճառով, կարծում եմ` մենք պետք է հակագրոհներով խաղանք:
Իհարկե, Մխիթարյանն ամեն ինչ կանի, որ գրավի Չեխի դարպասը: Բայց սա անհատական մարզաձև չէ, և եթե նրան հաջողվի գոլ խփել, դա նաև մյուս ֆուտբոլիստների գոլը կլինի:
Ցանկալի կլինի գեղեցիկ խաղով հաղթել, բայց եթե դա չենք կարող անել, ապա ավելի լավ է վատ խաղանք, բայց արդյունքի հասնենք: Մեր հավաքականին ցանկանում եմ հաղթանակ և հաջողություններ,- նշել է Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Չեխիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, տեղի ժամանակով 20:00-ին: Այն ուղիղ եթերով կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: