Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ասաց. «Սա Ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք»: Վերջին քաղաքական զարգացումների մասին այսպիսի դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ զրույցում: 

Ըստ նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերադարձավ 2007թ. «ռելսերի» վրա: 

«ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որի ընտրազանգվածն մարդիկ են, որոնք կտրականապես դեմ են Հանրապետական կուսակցությանը: ԲՀԿ-ն պետք է բուֆեր ծառայեր՝ չվտանգելով իշխանությանը, մինչդեռ անցած տարվա վերջին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ընդդիմություն լինելու մասին: Եվ այստեղ արդեն Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասաց. «Սա Ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք»»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանը լրագրողների հետ զրուցեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին՝ ասելով, թե ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր մեկ խնդիր է լուծում՝ մնալ հրապարակում մինչև 2017թ-ը՝ խորհրդարանական ընտրությունները:

«Կար ժամանակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում մնում էր իշխանության հետ մտնելով երկխոսության մեջ, հետո ԲՀԿ-ի հետ գործընկերության դիսկուրս սկսեց, որի շուրջ էին պահում հասարակությանը: Հիմա չկա որևէ բան, իսկ Տեր-Պետրոսյանն ուզում է մնալ հրապարակում ու ցույց տալ, որ ինքն է ամենալոյալ ուժը Ռուսաստանի համար, դա հատկապես արտահայտվեց, երբ նա վերջին հանրահավաքին հեգնական տոնով ասաց «Պուտինի հրաժարականը կրծքին»»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: