Հայաստանի կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դ.Մելիք-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ Դ.Մելիք-Ստեփանյանը 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության օրը` ժամը 17:15-ին, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ»-ի վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով փորձել է քվեարկել վերջինիս փոխարեն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասի` Ր.Հովհաննիսյանի վստահված անձ Ա.Սարգսյանը:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ եւ 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: