Օտարամոլությունն անինքնասեր կնոջ պես մեզնից պոկ չի գալիս։ Չեմ կարող այդ մասին չխոսել։ Ինչո՞ւ են մարդիկ օտարասեր դառնում, երբ չեն ճանաչում սեփական արժեքները։ Այսպիսի տեսակետ արտահայտեց գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը YerevanNews.am-ի հետ զրույցում, խոսելով՝ օտարամոլության և մշակութային քաղաքականության մասին:
«Երբ մեր երիտասարդները չգիտեն մեր հռչակավոր պատմությունը, երբ հինգերորդ դասարանի ռուսերենի դասագրքում գրված է, որ Մաշտոցը տիրապետում էր թուրքերեն լեզվին։ Սա պարզապես անգրագիտության գագաթնակետն է։ Երեխաների ուղեղները գիտելիքով լցնելու փոխարեն՝ քանդում ենք։ Միջնադարյան համալսարաններում չորս պարտադիր առարկա կար՝ քերականություն, երաժշտություն, աստղագիտություն և մաթեմատիկա։ Այս չորս առարկաները իրար կապված են և եթե մեկը բացակայում է, ապա մյուսները տուժում են։ Այսօր դա չկա և հետևաբար կրթությունը կտրուկ անկում է ապրում»,- իր խոսքում ասաց հրապարակախոսը։
Օտարամոլության ամենացցուն մյուս ծայրահեղությունը, գրողը երաժշտությունն է համարում։ Ըստ նրա, հայկական երաժշտական ժառանգության պահպանման ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն տարվում։
«Տպավորություն է ստեղծվում, որ եղած մշակույթը մոռանալու միտումնավոր քաղաքականություն է տարվում։ Այն երաժշտությունը, որը լսում է մեր ազգը տարբեր վայրերում, սա իսկական ազգադավ և մշակույթը վերացնող քաղաքականություն է: Նստեք որևէ տաքսի և ուշադրություն դարձրեք ռադիոյից հնչող ցածրաճաշակ երաժշտությանը։ Ի՞նչ ենք մատուցում, որ ինչ ստանանք։ Հայկական մաքուր երաժշտություն լսելու համար պետք է մանրակրկիտ փնտրել»,- ավելացրեց գրողը։
Լիա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ շվեդացի գիտնականները փորձ են կատարել, պարզելու համար, թե երաժշտությունն ինչպես է ազդում դեռ լույս աշխարհ չեկած երեխայի վրա:
«Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, հղի կնոջ համար տարբեր տեսակի երաժշտություն են միացրել և հետևել երեխայի արձագանքին։ Երբ հնչել է դասական երաժշտություն՝ երեխան հանգիստ քնել է, երբ ռոք են միացրել՝ երեխան ընկել է ցնցումների մեջ, արևելյան կլկլոցների ժամանակ գլուխկոնծի է տվել, իսկ հայկական հոգևոր երաժշտությունից երեխան սկսել է թաթիկները բարձրացնել և պտտել այնպես, ինչպես հայերն են պարում»,-նշեց Լիա Ավետիսյանը և ավելացրեց.
«Լսե՛ք սերիալների խայտառակ երաժշտությունը, մի՞թե դրանց երաժշտություն անվանելը մեղք չէ։ Չէ, որ կան երաժշտական կանոններ։ Չեն կարողանում նվագել, բայց անունը դնում են ժամանակի շնչով։ Նկարել չգիտեն, բայց ասում են ինստալացիա ենք անում։ Համաշխարհային մշակույթի հիմնադիրը մենք ենք։ Որտեղ կա երաժշտական հանճար, ապա մի քիչ հետազոտությունից հետո տեսնում ես, որ արմատները հայկական են։ Մենք երաժշտությունը տարածելու միսիա ունենք»,- այսպես իր խոսքն ավարտեց Լիա Ավետիսյանը։
Անահիտ Կասամանյան