Այսօր` մարտի 26-ին, լրանում է հայ արվեստի վաստակավոր գործիչ` կինոռեժիսոր և սցենարիստ Ռուբեն Քոչարի ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 35 ամյակը, ում ինքնատիպ ստեղծագործական ոճը, յուրօրինակ աշխարհընկալումը նպաստել են բազմաժանր և հետաքրքրաշարժ 30-ից ավելի ֆիլմերի ստեղծմանը: 80-ական թվականներին նոր խոսք հանդիսացող ֆիլմ-բալետների` «Հեյ, ով կա այդտեղ», «Լիլիթ», «Հուշեր» համար արժանացել է պետական դափնեկրի կոչմանը: Ռուբեն Քոչարի վերջին տարիներին ստեղծված հայ-ամերիկյան համատեղ արտադրության «Հերոստրատ», «Արահետ», «Մետամորֆոզ» գեղարվեստական ֆիլմերը իրենց ուրույն տեղն են զբաղեցնում ժամանակակից հայ կինոյի ցանկում, և արծարծելով համամարդկային թեմաներ հասու են ոչ միայն հայ, այլև միջազգային հանդիսատեսին:
Այժմ նա ավարտին է հասցնում «Անունս Վիոլա է» միստիկ դրաման, որի համարձակ բովանդակությունը և հայ կինոյում չշոշափված թեմաների լուսաբանումը խոստանում է աղմկահարույց հարցադրումներ:
Դե ինչ, իսկ մեզ մնում է միայն ի սրտե շնորհավորել հոբելյարին` մաղթելով նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ, անսպառ էներգիա, անձնական երջանկություն և երկար տարիների գործունեություն: