Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ Գերմանիայում պատկառելի կշիռ ունեցող կուսակցության ղեկավար և Բունդեսթագի պատգամավոր պարոն Օզդեմիրի այցն իր ուրույն ներդրումը կբերի հայ-գերմանական բարեկամական կապերի և միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման գործին: Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են Հայոց ցեղասպանության հարցում Ջեմ Օզդեմիրի հայացքներին և բարձր են գնահատում այդ ոճրագործությունը դատապարտելու և ճանաչելու՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված նրա կոչերը: Ողջունելով Գերմանիայի խորհրդարանականների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Նախագահը խորհրդանշական է համարել, որ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության այցը Հայաստան կայանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և բազմաբնույթ համագործակցությանը, որը ներառում է առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներ: Կողմերը գոհունակությամբ են նշել, որ շարունակաբար ընդլայնվում է երկկողմ իրավապայմանագրային դաշտը, ակտիվացել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում՝ խորհրդարանական ձևաչափով: Զրուցակիցները կարևորել են նաև հայ և գերմանացի խորհրդարանականների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ներքաղաքական կյանքին, այդ թվում՝ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և այն զարգացնելու գործում Գերմանիայի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					