Քիչ առաջ Հովսեփ Խուրշուդյանն Ազատության հրապարակում կարդաց Րաֆֆի Հովաննսիյանի նամակը Սերժ Սարգսյանին.

«Հարգելի պարոն Սարգսյան Երեկ ստացա Ձեր՝ մարտի 25-ի թվակիր նամակը: Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին: Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով՝ Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար. անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, եւ կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի: Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող՝ Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»: