ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական «Dnevnik» օրաթերթին:
Ալեշ Գաուբ. Ձեր երկիրը Կովկասում շատ հետաքրքիր տեղ է զբաղեցնում: Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Կարո՞ղ եք ներկայացնել ինձ, թե որքան լավ դաշնակից է Ռուսաստանը Հայաստանի համար:
Էդվարդ Նալբանդյան. Դաշնակից բառը շատ խոսուն է, այն իր մեջ խորը իմաստ է պարունակում, նշանակում է ավելին, քան զուտ լավ, բարեկամական հարաբերություններ: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ ամուր պատմական կապեր: Մեր բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը:
Ալեշ Գաուբ. Ես այս հարցն ուղղում եմ, քանի որ Ռուսաստանը ձեր սահմաններին ունի երկու տարբեր հակամարտություններ, չլուծված խնդիրներ... սպառազինություն է վաճառում ձեր դե ֆակտո թշնամուն` Ադրբեջանին: Այդ իսկ պառճառով հետաքրքիր է, թե ինչպես է այս փաստը ազդում Մոսկվայի հետ ձեր հարաբերությունների վրա:
Էդվարդ Նալբանդյան. Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր:
Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով մեր ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ՝ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելն է: Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը արտահայտվել է այդ երկրների Նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում:
Մեր դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների, առաջարկներին: Մենք ողջունել ենք համանախագահ երկրների հինգ հայտարարությունները և նշել, որ պատրաստ ենք գնալու կարգավորման՝ նրանց կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների և տարրերի հիման վրա:
Ալեշ Գաուբ. Որտե՞ղ ենք այս հակամարտության հետ կապված բանակցություններում... երկու տասնամյակ Մինսկի խմբի բանակցություններում տեղաշարժ չի նկատվում: Արդյո՞ք հզոր տերությունների շահերից է բխում Կովկասում այս տարածքային վեճի կարգավորումը:
Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ մենք պետք է մեղադրենք մեծ տերություններին կամ փոքր երկրներին, կամ այլոց: Վերջին վեց տարիների ընթացքում երեք համանախագահները մեծ ջանքեր են գործադրել որպես միջնորդներ, կազմակերպել են շուրջ 20 գագաթաժողովներ, մի քանի տասնյակ հանդիպումներ նախարարական մակարդակով, տարածաշրջանային անթիվ այցեր են իրականացրել:
Իրականում, հակամարտության կողմերից մեկը` Ադրբեջանը, հակադրվում է համանախագահների կողմից արված առաջարկությունների հիման վրա կարգավորմանը: Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման և վստահության հաստատման միջոցների վերաբերյալ բոլոր առաջարկությունները:
Ալեշ Գաուբ. Արդյո՞ք Ադրբեջանը ավելի ուժեղ է` հաշվի առնելով իր էներգետիկ ռեսուրսները` գազը և նավթը...
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը պարծենում է իր հզորությամբ, բայց դա մեծ պատրանք է: Մի երկիր, որը քարոզում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, չի կարող հզոր լինել: Տասը տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն շուրջ 30 անգամ, սաստկացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզչությունը և անդադար սպառնում է ուժ կիրառել:
Բոլոր պատերազմներից հետո կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, բայց առավել վատ պայմաններում: Մենք հնարավորություն ունենք՝ շարունակելու բանակցությունները երեք համանախագահների հետ միասին: Ինչու՞ չօգտագործել այս հնարավորությունը՝ առաջ մղելու միջազգային հանրության առաջարկությունների հիման վրա կարգավորման գործընթացը:
Ալեշ Գաուբ. Լեռնային Ղարաբաղի՞ պատճառով էր, որ Հայաստանը աջակցեց Ղրիմի անկախության հանրաքվեին:
Էդվարդ Նալբանդյան. Եթե նկատի ունեք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, ապա մենք հակված չենք առավելություն տալու միջազգային իրավունքի սկզբունքներից մեկին՝ մյուս սկզբունքների նկատմամբ: Մենք չենք կարող ձևացնել, թե միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները հավասար են, բայց նրանցից մեկն ավելի հավասար է, քան՝ մյուսները: Ամեն դեպքում, ինքնորոշման իրավունքը ամրագրված է որպես ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ:
Երբ համանախագահներն առաջարկում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, Ադրբեջանը ընտրում է միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականություն` արհամարհելով մյուս երկուսը: Այս մոտեցումը չի կարող տանել կարգավորման:
Ալեշ Գաուբ. Անցյալ տարի Ղրիմի բռնակցումից ի վեր Արևմուտքն ու Ռուսաստանը ընկղմվել են նոր Սառը պատերազմի մեջ, ինչպես որ այժմ այդ հարաբերությունները բնութագրվում են: Այս նոր Սառը պատերազմը ազդեցություն թողնու՞մ է ձեր երկրի վրա: Արդյո՞ք դուք ստիպված եք ընտրություն կատարել բարեկամների միջև:
Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ Ռուսաստանի և այլ պետությունների միջև խնդիրները բխում են որևէ մեկի շահերից, լինի դա Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, թե այլ պետություն: Առճակատումը լուծումներ գտնելու լավագույն ճանապարհը չէ: Բոլոր խնդիրները կարող են լուծվել երկխոսության, բանակցությունների միջոցով, հենց այդ պատճառով մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք Մինսկ 1 և Մինսկ 2 համաձայնությունները:
Ալեշ Գաուբ. Եթե վերադառնամ… Բայց դուք, ըստ էության, հարկադրված եք ընտրություն կատարել բարեկամների միջև: Անցյալ տարի շատ անսպասելի էր Հայաստանի կողմից ԵՄ հետ ասոցացման հատվածից հրաժարումը՝ ԵԱՏՄ-ին միանալու պատճառով, որը դիտարկվում է որպես Վլադիմիր Պուտինի գործիք՝ իր վերահսկողության տակ պահելու նախկին Խորհրդային Միության պետությունները:
Էդվարդ Նալբանդյան. Միգուցե տեղյակ չեք, բայց Հայաստանը նախկինում էլ բազմաթիվ անգամներ արտահայտել է իր ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը, Եվրասիական միությանը: Մենք դա հրապարակայնորեն արտահայտել ենք Նախագահի, վարչապետի, արտգործնախարարի մակարդակով: Իրականում, Հայաստանը հրավիրված չէր՝ Մաքսային միության մաս կազմելու, և դա բացատրվում էր այն հանգամանքով, որ մենք չունենք ընդհանուր սահման Մաքսային միության անդամ պետությունների հետ:
Աշխատանքային հատուկ խումբ ստեղծվեց՝ Հայաստանի կառավարության, Եվրասիական միության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեց այն եզրակացության, որ հնարավոր է դառնալ Մաքսային միության, իսկ հետագայում արդեն՝ Եվրասիական միության անդամ՝ առանց ընդհանուր սահմանների առկայության: Այս եզրակացությունից հետո՝ 2013թ. սեպտեմբերին հաստատեցինք Միությանը անդամակցելու մեր ցանկությունը: Հաստատվեց ճանապարհային քարտեզ, և անցյալ տարեսկզբից սկսեցինք բանակցությունները: Դրանք ավարտվեցին և Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ այս տարվա հունվարից:
Ալեշ Գաուբ. Բավարարվա՞ծ եք առաջին արդյունքներով...
Էդվարդ Նալբանդյան. Միայն երկու ամիս է անցել: Եվրասիական միությանը անդամակցությունը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Այն դյուրացնում է մուտքը պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ ներգրավել, արտոնյալ կարգով օգտվել ռեսուրսներից, տրանսպորտային միջանցքներից, ապահովել ապրանքների, կապիտալի, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժը: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են:
Ալեշ Գաուբ. Եվրասիական տնտեսական միության վերջնարդյունքը պետք է լինի ազատ առևտրի պայմանագիրը ԵՄ հե՞տ: Արդյո՞ք մոտ ապագայում տեսնում եք նման հեռանկար` հաշվի առնելով Ռուսաստանի և ԵՄ միջև առկա քաղաքական տարաձայնությունները:
Էդվարդ Նալբանդյան. Կարծում եմ՝ դա հնարավոր է միգուցե ոչ այսօր կամ վաղը, բայց, ավելի ուշ` վստահաբար, որովհետև դա բխում է այս ընդարձակ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից: Ընդհանուր անվտանգության և տնտեսական տարածքի, Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարը նոր չէ, այն հնչեցվել է տարբեր մայրաքաղաքներում: Կարծում եմ՝ բոլորիս ընդհանուր շահերից է բխում այդ գաղափարի իրականացումը:
Ալեշ Գաուբ. Հարավային Կովկասը միշտ ընկալվում էր որպես հզոր տերությունների շահերի կիզակետում գտնվող տարածաշրջան: Բառացիորեն այսօր ԱՄՆ-ն հայտարարեց, որ 3000 զինվորներ կպաշտպանեն Բալթյան երկրները` զսպելու Ռուսաստանի ագրեսիան: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հնարավոր է ԱՄՆ-ի կողմից կովկասյան տարածաշրջանում նմանատիպ միջամտություն:
Էդվարդ Նալբանդյան. Կարիք չկա ներկայացնելու իրերն առճակատման տեսանկյունից, և ես չեմ դիտարկում տարածաշրջանում առկա զարգացումներն այս համատեքստում:
Ալեշ Գաուբ. Հարցնում եմ, որովհետև փորձում եմ պարզել՝ որոնք են ձեր մտահոգությունները՝ պայմանավորված տարածաշրջանի ռազմականացման սպառնալիքով:
Էդվարդ Նալբանդյան. Տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող գլխավոր վտանգը Ադրբեջանն է. պետություն, որ տասը տարիների ընթացքում իր ռազմական բյուջեն 163 մլն ԱՄՆ դոլարից հասցրել է գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլարի, երկիր, որը սպառնում է ուժ կիրառել, պետություն, որ շարունակաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ատելության քարոզչությամբ: Սա է իրական սպառնալիքը: Եվ մենք պետք է մտածենք` ինչպես արձագանքել այս վտանգին և փորձել խաղաղ և բանակցված լուծումներ գտնել տարածաշրջանում առկա խնդիրներին:
Ալեշ Գաուբ. Ներկայումս ձեր ուշադրության կենտրոնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորու՞մն է, թե՞ Թուրքիայի հետ սահմանների վերաբացման հարցը: Վերջին անգամ, կարծես թե այս գործընթացները մի փոքր համընկան, բայց, հետո, կարծես հայտնվեցին փակուղու մեջ:
Էդվարդ Նալբանդյան. Թուրքիայի հետ բանակցություններ սկսելը մեր Նախագահի նախաձեռնությունն էր՝ ուղղված առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորմանը: Մինչ դա մեր հարաբերությունները փակուղու մեջ էին: Մեր Նախագահը հրավիրեց Թուրքիայի Նախագահ Գյուլին` Հայաստանում ներկա գտնվելու ֆուտբոլային խաղին: Այս նախաձեռնությունը հայտնի դարձավ որպես «Ֆուտբոլային դիվանագիտություն»: Մենք վարում էինք շատ ինտենսիվ և դժվար բանակցություններ: 2009թ. հոկտեմբերին՝ Ցյուրիխում, մենք ստորագրեցինք երկու արձանագրություններ: Սակայն Թուրքիան պատրաստ չեղավ` դրանք վավերացնելու և կյանքի կոչելու: Թուրքիան խախտեց pacta sunt servanda սկզբունքը: Այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը, աշխարհի շատ երկրներ, ասում են, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում:
Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին` փորձելով կապակցել ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծումը Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ: Բազմաթիվ երկրներ ընդգծում էին, որ ցանկացած փորձ՝ կապակցելու այս երկու գործընթացները, կվնասի երկուսին էլ: Թուրքական կողմի հին նախապայմաններից մեկը, որը վերակենդանացվեց Ցյուրիխից հետո, վերաբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բայց Հայաստանը անվերապահորեն հայտարարել և հաստատել էր՝ մենք երբեք հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության փաստը և նրա միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը:
Ալեշ Գաուբ. Վերջին հարցը. Ռուսաստանը, որպես Թուրքիայի բարեկամ, կարո՞ղ է այս երկխոսությունը կրկին տեղափոխել նախորդ փուլ:
Էդվարդ Նալբանդյան. Առաջին հերթին Թուրքիայի կառավարությունը պետք է Թուրքիայի ժողովրդի բարեկամը լինի՝ գործի ի շահ իր ժողովրդի: Արդյո՞ք կարծում եք, թե Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ավելի շատ է բխում այլ պետությունների շահերից, քան՝ Թուրքիայի և Հայաստանի: Իհարկե, այդ կարգավորումը համապատասպանում է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ տարածաշրջանի շահերին:
Բայց, ցավոք, Թուրքիան քաջություն և իմաստություն չունեցավ՝ վավերացնելու և կյանքի կոչելու համաձայնեցված և ստորագրված արձանագրությունները: Այսինքն՝ սա այն դեպքը չէ, երբ որևէ մեկը պետք է ինչ-որ դերակատարում ունենա՝ առաջ մղելու Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Առաջին հերթին Թուրքիան պետք է վերլուծի, թե ինչն է սխալ արել: Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի, որ Թուրքիան իր այս մոտեցմամբ իր հռչակած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը կվերածի «զրո հարևանների առանց խնդիրների»: Այսօր բոլորը կիսում են այս տեսակետը:
Ալեշ Գաուբ. Շատ շնորհակալ եմ:
Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալություն: