Մարդու իրավունքների վիճակը Երևանի քաղաքապետարանի  ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012 


Երևանի քաղաքապետարանի  գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

  • Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ:
  • Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսևորվել է ոչ միատեսակ և խտրական վերաբերմունք:
  • Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը, որոնք ի թիվս այլ հետևանքների, խոչընդոտում են համայնքների կայացմանը և  զուգորդվում են խիստ մտահոգիչ կոռուպցիոն դրսևորումներով:
  • Թեև Քաղաքապետարանը կատարել է աշխատանքներ` ուղևորափոխադրումների մակարդակը բարձրացնելու նպատակով, սակայն, դրանք չեն լուծել ոլորտում առկա խնդիրները:
  • Անուշադրության է մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը:
  • Չի իրականացվել հետևողական քաղաքականություն ոլորտում տեղի ունեցող ծառահատումների, շրջակա միջավայրի աղտոտման դեպքերին արագ արձագանքելու և դրանց վերացման արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
  • Անձանց կոմունալ-կենցաղային հարցերը վերհանելու և արդյունավետ կերպով լուծելու նպատակով չեն իրականացվել համապատասխան գործողություններ:
  • Դեռևս իր լուծումը չի ստացել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու հարցը:

 

 

Արձանագրված դրական զարգացումները

  • Հաշմանդամներին սպասարկելու նպատակով բանակցություններ են տարվել չինական ավտոգործարանի հետ, որն առաջարկել է այդ մեքենաների համար վերելակային հարմարանք:
  • Քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն, համաձայն որի պետք է դադարեցվի Երևանի ներքաղաքային երթուղիներում շահագործվող «Ռաֆ» և «Երազ» մակնիշի հնամաշ միկրոավտոբուսների աշխատանքը:

Կազմված արձանագրությունների համաձայն քանդվել են ինքնակամ շինությունները, զավթած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ազատվել են ապօրինի տիրապետողներից, իսկ տարածքները բերվել են նախկին տեսքին: