«Եվ այսպես, դատաձգաբանական փորձաքննությունն ասում է, որ գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության ժամանակ օգտագործվել է մեկ հրազեն, որը ամրակցված է եղել ռուսական 102-րդ ռազմաբազայի գինծառայող Վալերի Պերմյակովին: Ինչպե՞ս վերաբերվել այս եզրակացությանը: Մինչ վերաբերմունք արտահայտելը նախ հարկավոր է սպասել, որ փորձագետի եզրակացությունը մանրամասնորեն ուսումնասիրեն և իրենց կարծիքն ասեն Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչները, ովքեր պրոֆեսիոնալ փաստաբաններ և իրավաբաններ են և ովքեր իրավունք ունեն փաստաթղթին ծանոթանալ ամբողջությամբ և դրա վերաբերյալ արտահայտել կարծիք, հանդես գալ բողոքարկումներով և այդպես շարունակ:

Այս պահին արձանագրենք միայն, որ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամից վեցը սպանվել են հրազենի, ըստ փորձաքննության միևնույն հրազենի գործադրմամբ: Եվ միայն վեցամսյա Սերյոժա Ավետիսյանն է կտրող-ծակող առարկայով սպանվել:

Փաստը, որ Ավետիսյանների սպանության ժամանակ միայն մեկ զենք է կիրառվել, ամբողջությամբ չի պատասխանում նախկինում բարձրացված հարցերին և ընդհակառակը մի շարք հարցեր ավելի է ահագնացնում: Մասնավորապես այդ ինչպե՞ս է պատահել, որ Կալաշնիկովի ավտոմատի 28 կրակոցից ոչ միայն հարևանները չեն արթնացել, այլև Ավետիսյաններն են, փաստացի, մնացել իրենց սենյակներում: Իսկ որ սպանության օրը Ավետիսյանների տանը 28 կրակոց է հնչել, հիմնավորվում է այն փաստով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 28 պարկուճ:

Ու եթե միայն մեկ զենքի գործադրման փաստը կարող է խոսել այն մասին, որ Պերմյակովը միայնակ է գործել, Ավետիսյանների ընտանիքի անդամների իրենց ննջարաններում մնալու փաստը կարող է դառնալ հակառակի հիմնավորում: Միգուցե այլ մարդիկ, այլ զենքերի սպառնալիքո՞վ են նրանց պահել իրենց տեղերում: Կամ գուցե դանակը փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի գլխին պահելո՞վ: Իսկապես մի քիչ դժվար է հավատալ, որ Պերմյակովը գործել է այդպիսի հմտությամբ, վստահությամբ պրոֆեսիոնալ քիլլերի պես»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: