Ներկայացվում է «Հայաստանի և Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևի պաշտոնական տարբերակը: 

Հայաստանի և Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը,

– Հաշվի առնելով ԵԽ կանոնակարգի 9-րդ հոդվածի 3-րդ կետը

– Հաշվի առնելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

– Հաշվի առնելով 1966 թվականի դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը

– Հաշվի առնելով Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ՄԱԿ-ի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան

– Հաշվի առնելով 1987 թվականի հուլիսի 20-ի՝ Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձևը

– Հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 15–ի՝ Թուրքիայի անդամակցույթյան առաջադիմության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը

– Հաշվի առնելով 2005 թվականի սեպտեմբերի 28-ի՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը

– Հաշվի առնելով ԵՄ անդամ մի շարք երկրների օրենսդիր մարմինների բանաձևերն ու հայտարարությունները

– Նկատի ունենալով, որ 2015 թվականին նշվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

– Նկատի ունենալով, որ ողջ մարդկությանը բնորոշ արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն են կազմում աշխարհում

– Քանի որ ցեղասպանության ժխտումը լայնորեն ընդունված է որպես ցեղասպանության վերջնական փուլ՝ ապահովելով ցեղասպանություն իրագործողների անպատժելիությունը և ցուցադրաբար ճանապարհ հարթելով հետագա ցեղասպանությունների համար

– Քանի որ Հայոց ցեղասպանության աներկբա և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստել է մարդկության դեմ հետագա ոճրագործությունների կանխման ձախողմանը,

– Քանի որ այսպիսի հանցագործությունների վաղ կանխումը կարող է միանշանակ կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդկային աղետների ուժգնացումը

Վեհաժողովը

– Դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունը, խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը,

– Հարգանքի տուրք է մատուցում բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների անմեղ զոհերին,

– Շեշտում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթությունների շարքում,

– Ընդգծում է, որ այս ուղղությամբ միջազգային հանրության կարողությունների հետագա զարգացումը շատ օգտակար է,

– Աջակցում է ցեղասպանությունների կանխման համար միջազգային պայքարին, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանը,

– Հրավիրում է Թուրքիային առերեսվելու իր անցյալի հետ,

– Համարում է, որ ժողովուրդների միջև հետագա հաշտեցման հիմքերի հաստատումը մեծ կարևորություն ունի: