ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզ այցի ընթացքում եղավ Մաստարայի ջրամբարի կառուցման վայրում` Մյասնիկյան համայնքի տարածքում: Գյուղատնտեսության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, "Հայջրնախագիծ ինստիտուտ" ՓԲ ընկերության ներկայացուցիչների, Արմավիրի մարզպետի հետ տեղում քննարկվեցին ապագա ջրամբարի տեղանքի վերջնական ընտրության, ջրածածկ տարածքի հետ կապված հարցեր: Ջրամբարը նախատեսվում է կառուցել Մաստարա գետի վրա, որը կուտակելու է Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածի ազատ հոսքը:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթն ամբողջացնել` "Քուվեյթ" հիմնադրամին ներկայացնելու համար, ինչպես նաեւ աշխատել քուվեյթցի գործընկերների հետ`անհրաժեշտության դեպքում ընթացիկ տեղեկատվություն տրամադրելու համար:
Նշենք, որ փոխվարչապետի` օրերս Քուվեյթի Պետության կատարած այցի ընթացքում "Քուվեյթ" հիմնադրամը հետաքրքրվածություն էր ցուցաբերել ջրամբարի կառուցման նախագծի նկատմամբ եւ պատրաստակամություն հայտնել ֆինանսավորման հարցը քննարկել հիմնադրամի խորհրդում:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները փոխվարչապետին զեկուցեցին նաեւ մարզի Խանջյան, Մայիսյան, Ակնաշեն եւ Փշատավան համայնքների տարածքներում հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառուցվածքների ամրացման աշխատանքների ընթացքի մասին: ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:
Խանջյան, Մայիսյան համայնքների տարածքում կատարվում են հեղեղատարների հուների մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքներ, Ակնաշենում ամրացվում է Մեծամոր գետի ափը, իսկ Փշատավանում` Արաքս գետի ափապաշտպան կառույցները:
Զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն նախատեսվածից ավելի շուտ` հաշվի առնելով գարնանային հեղեղումների վտանգը: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հանձնարարեց ընտրված հատվածներում անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել այնպես, որ առկա խնդիրները լուծվեն ամբողջությամբ: