Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է մի շարք զորամասերում: Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Գյումրիի և Արմավիրի մարզերից բանակ զորակոչված ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների հետ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտներ Հայկազ Բաղմանյանի և Ստեփան Գալստյանի, բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով ավիացիոն զորամասերից մեկում էր: Օդաչուների նախաթռիչքային պատրաստման լսարանում պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասի հրամանատարական կազմի հետ, խոսել ռազմավիացիոն ոլորտում առկա ձեռքբերումների և խնդիրների, օդաչուների մասնագիտական պատրաստության հարցերի շուրջ: Լսելով սպայակազմի բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկությունները` Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ:
Շրջայցի հանջորդ կանգառը հակատանկային հրետանային զորամասերից մեկում էր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի շարահրապարակում սպաների ու զինվորների հետ խոսել է հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների, հակառակորդի որդեգրած մարտավարության և առհասարակ՝ հայոց բանակի առաքելության մասին: Շրջելով զորամասի տարածքում՝ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է զինծառայողների առօրյայով, նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել է ուսումնանյութական բազան՝ համապատասխան ցուցումներ տալով զորամասի հրամանատարությանը:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարը եղել է նաև Շիրակի մարզպետարանում, որտեղ հանդիպել է մարզից զորակոչված ժամկետային 10 լավագույն զինծառայողների ծնողներին: Միջոցառման ընթացքում ներկայացնելով ազգային բանակում իրականացվող բարեփոխումները և դրանցում հայ զինվորի առանցքային դերակատարությունը, պաշտպանության նախարարը խորին երախտագիտություն է հայտնել հայ ծնողին ազգանվեր որդիներ դաստիարակելու համար: Ի գնահատումն այդ ամենի՝ Սեյրան Օհանյանը շնորահակալագրեր է հանձնել հանդիպմանը ներկա ծնողներին, իսկ նրանց զինվոր որդիներին` բարեխիղճ ծառայության համար խրախուսել է կարճատև արձակուրդով:
Հագեցած օրակարգով շրջայցի մյուս կանգառը Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում էր: Պաշտպանության նախարարին են ներկայացվել այս տարի ՀԱՊԿ շրջանակում անցկացվելիք «Անխախտ եղբայրություն» զորավարժության նախապատրաստման շրջանակում զորամասի վրանային ավանում իրականացվող աշխատանքները, առկա խնդիրները:
Ուսումնական զորամասի զորանոցի, բուժկետի, ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին ծանոթանալուց և զինծառայողների պարտականությունները ստուգելուց զատ, պաշտապանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել նաև լսարաններից մեկում հայրենական արտադրության նոր վարժասարքի շահագործման ու տեխնիկական սպասարկման գործնական պարապմունքին: Զորամասում Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև Արմավիրի մարզից բանակ զորակոչված ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների հետ:
Շրջայցի վերջին կանգառն էլ ինժեներասակրավորային զորամասում էր, որտեղ ևս ՀՀ պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարությանն առաջադրել է մի շարք խնդիրներ և նախանշել աշխատանքային հիմնական ուղղությունները: