Երևանի քաղաքապետը և նրա երեք տեղակալները 2012թ.-ին նոր ունեցվածք` անշարժ, շարժական, առավել ևս` թանկարժեք գույք ձեռք չեն բերել: Նրանք չեն ունեցել նաև արժեթղթեր և այլ ներդրումներ: Հաջորդ ընդհանրությունն այն է, որ մայրաքաղաքի իշխանության ղեկին կանգնած անձանց եկամուտները 2012թ.-ին գոյացել են բացառապես աշխատավարձից:
Նրանց ընտանիքները, սակայն, ունեցել են զգալի դրամական միջոցներ, որոնք, ի դեպ, առնվազն քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ու նրանց տիկնանց դեպքում 2012-ի տարեսկզբին և տարեվերջին եղել են անփոփոխ:
Այսպես` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրամական միջոցները, ըստ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2012թ.-ի համար ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի, տարեսկզբին և տարեվերջին կազմել են 50 հազար եվրո, 50 հազար ԱՄՆ դոլար և 115 մլն դրամ, իսկ նրա տիկնոջ դրամական միջոցները` 50 մլն դրամ:
Քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին կազմել են 1 հազար ԱՄՆ դոլար և 21 մլն դրամ, իսկ նրա տիկնոջ դրամական միջոցները` 30 մլն դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար և 5 հազար եվրո:
Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի և նրա տիկնոջ դեպքում 2012թ.-ին տեղի է ունեցել դրամական միջոցների ծախս: Կ.Արեյանը տարեսկզբին ունեցել է 500 հազար դրամ, տարեվերջին` 450 հազար դրամ, իսկ նրա տիկինը` տարեսկզբին 500 հազար դրամ և 206 հազար 340 ԱՄՆ դոլար, տարեվերջին` 300 հազար դրամ և 139 հազար 340 ԱՄՆ դոլար:
Ի տարբերություն իր ավագ պաշտոնակցի` 2012թ.-ի հունվարի 20-ին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնած Վահե Նիկոյանի դրամական միջոցները տարեվերջին աճել են: 2012-ի տարեսկզբին նա ունեցել է 7,5 մլն դրամ և 8 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 7,7 մլն դրամ և 9 հազար ԱՄՆ դոլար: Նրա տիկնոջ դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 3 մլն դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար, 15 հազար եվրո, տարեվերջին` 3,4 մլն դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո,-գրում է Փաստինֆոն:
Դատելով, սակայն, այս պաշտոնյաների հայտարարագրերից, նրանցից ոչ մեկը այս գումարներից շահույթ չի ունեցել և որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատանքի դիմաց վարձատրության գումարները. Տարոն Մարգարյանը` 4 մլն 713 հազար 600 դրամ, տեղակալներ Կամո Արեյանը և Վանո Վարդանյանը` 3 մլն 704 հազար 800-ական դրամ, Վահե Նիկոյանը` 3 մլն 671 հազար 934 դրամ:
Քաղաքապետի տիկնոջ եկամուտները, ի տարբերություն ամուսնու, գոյացել են բացառապես 39 մլն 60 հազար դրամ նվիրատվությունից:
Կ.Արեյանի տիկնոջ եկամուտները կազմել են 8 մլն 966 հազար 840 դրամ, որից 7 մլն 631 հազար 720 դրամը` շահաբաժնից, մնացածը` աշխատավարձից:
Վ.Վարդանյանի տիկինը 2012-թ.-ի համար եկամուտ չի հայտարարագրել:
Վ.Նիկոյանի տիկնոջ եկամուտները գոյացել են 90 հազար դրամ հեղինակային վարձատրությունից, որը նշված է որպես ստացած մրցանակ: