Ի դեմս East Prospect Fund-ի «Էյր Արմենիա» ավիաընկերությունը ձեռք է բերել նոր բաժնետեր, որի շնորհիվ ավիաընկերության ընդհանուր բյուջե կներգրավվի 30 մլն դոլար, իսկ կանոնադրական կապիտալը կհասնի մինչև 140 մլն դոլարի: Ըստ նոր բիզնես ծրագրի` «Էյր Արմենիա» ավիաընկերությունը այս տարվա մայիսի 20-ին կվերսկսի իր գործունեությունը: Ամենայն հավանականությամբ մարտի 27-ին նոր բաժնետերը կիրականացնի առաջին փոխանցումը:
Արդեն հստակեցված է նաև, որ ավիաընկերությունը ձեռք է բերելու երկու 75 և ևս երկու 150 ուղևորի համար նախատեսված ինքնաթիռներ, իսկ նախկին ինքնաթիռներն արդեն վերադարձվել են Հոլանդիա:
«Էյր Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը ցանկություն ունի ստեղծել ավելի հզոր ընկերություն, որի շնորհիվ Հայաստանը կդառնա տարանցիկ ուղի:
Ելնելով թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ ազգային շահերից` Հայաստանի Հանրապետությանը պարզապես անհրաժեշտ է ունենալ տեղական ավիափոխադրող. դա իր կարճատև, բայց բուռն գործունեության ժամանակ բազմիցս ապացուցել է «Էյր Արմենիա» ավիաընկերությունը:


