Ուկրաինայի ընդիմադիր բլոկի ներկայացուցիչ Նեստոր Շուֆրիչը հաստատել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան մասին լուրը: Ինչպես հայտնել է նա BBC ուկրաինական ծառայությանը՝ «Ցավոք, դա ճիշտ է»: 

Քաղաքական գործչի մամուլի ծառայությունը Facebook-ի միջոցով ցավակցություն է հայտնել Վիկտոր Յանուկովիչ կրտսերի մահվան կապակցությամբ:

«Մահացավ այնպես, ինչպես ապրում էր՝ մեքենայի ղեկին... Հոգին լուսավորվի... Խորին ցավակցություններս եմ հայտնում կնոջը՝ Օլգային, որդուն, ծնողներին, հարազատներին և ընկերներին: Սա անդառնալի կորուստ է շատերի համար: Չենք մոռանա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սակայն Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի հաստատում այս տեղեկությունները: Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դեռ չեն տիրապետում Վիկտոր Յանուկովիչ կրտսերի մահվան մասին ստույգ տեղեկությունների: