Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներում ամբողջ հայ ազգը պետք է ունենա միասնական մոտեցում: Գիտակցում եմ, որ կարող ենք ունենալ տարբերվող մարտավարությունների մասին պատկերացումներ, բայց վերջնական նպատակը միասնական է, ինչպես նաև զգանցմունքները՝ և՛ ցավի, և՛ կարևորության, և՛ յուրաքանչյուրս դերակատարում ունենալու իմաստով:
Հետևելով մեդիա դաշտին, ցավոք, պետք է արձանագրեմ, որ վերջին մի քանի ամիսներին խորանում է, ըստ իս, անհասկանալի մի քննարկում՝ ով ինչ արեց: Ու ինձ համար այստեղ ամենևին էլ կարևոր չէ, որ մեկը դրական երանգներով է խոսում, մյուսը՝ բացասական: Համարում եմ, որ քննարկումը պետք է փոխել՝ ե՞ս ինչ եմ արել: Այո, ես՝ որպես աշխարհի որևէ անկյունում ապրող հայ, ի՞նչ եմ արել, որ մեր համընդհանուր խնդիրն առաջ տարվի: Միգուցե այստեղ Քենեդու հայտնի՝ «իսկ դու ի՞նչ ես արել քո երկրի համար» խոսքը հիշելն այնքան էլ տեղին չի, բայց ընդհանուր փիլիսոփայությունը պետք է լինի նույնը: Իսկ ե՞ս ինչ եմ արել կամ ինչպե՞ս եմ նպաստել մեր համազգային հարցի ներկայացման, բարձրաձայնման, պաշպանման ու լուծման համար:
Օրինակ, քիչ չեն դեպքերը, երբ կարդում ես տարբեր մարդկանց, ովքեր, ասենք, մեղադրում են, թե այս նամակի պատասխանը տեղին չէր, այս միջոցառումն ում էր պետք, այս ելույթի հասցեատերը սխալ էր ընտրված և այլն: Հատկապես ցավալի է, իմ համար անձնապես ցավալի է, երբ այդպիսի տեսակետ հայտնում են մամուլի և մեդիա դաշտի հարգված պրոֆեսիոնալները: Մամուլի ակումբների ղեկավարներին, թերթերի խմբագիրներին, հայտնի լրագրող-վերլուծաբաններին եմ ուղղում իմ և՛ մարդկային, ընկերական և՛ հայի խնդրանքն ու կոչը` դուք լավագույնն եք տիրապետում և՛ խոսքին, և՛ գրչին, ու վստահ եմ, որ ունեք շատ գործընկերներ միջազգային տարբեր լրատվամիջոցներում. մեկ անգամ ևս խնդրում և կոչ եմ անում հատկապես ձեզ` մի՛ սպասեք, թե ուրիշներն ինչ են անում, կազմակերպում կամ ասում: Դուք ձեր անձնական և ինստիտուցիոնալ պա՛րտքը կատարեք:
Ինչքան լավ կլիներ, որ որևէ միջազգային հարթակում, լինի դա Washington Post, NYT, Spiegel, թե որևէ այլ, ամեն օր կարդանք հենց ձեր կողմից հեղինակված վերլուծական, հարցազրույց, կարծիք: Արդյո՞ք դրա համար կարևոր է, թե պետական հաձնաժողովն ինչ է կազմակերպել, կամ որտեղ և ինչ են տարբեր պաշտոնյաներ խոսել: Այո՛, մամուլը միշտ պետք է չվարանի քննադատել, բայց արդյո՞ք այդ քննադատությունն ավելի հզոր չի ներազդի, երբ մեր հենց այդ քննադատողները նաև իրենց գործով ապացուցեն իրենց մատնանշած սխալները` տպագրելով բազմաթիվ հոդվածներ, ելույթներ ունենալով արտերկրում բազմաթիվ միջազգային վեհաժողովներում և իրենց խոսքը հասցնելով աշխարհին:
Վստահ եմ, որ մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհը սա պետք է լինի: Եկեք առաջնորդվենք «ես ինչ եմ արել» հարցադրումով, ու գրեք ձեր գործընկերներին, պահանջեք տպագրել նյութեր, ամեն օր մի «op-ed» հեղինակեք, կազմակերպեք ձեր իսկ պատկերացմամբ ճիշտ գործողությունը: Սա մենք չենք անում սիրված կամ չսիրված, լիգիտիմ կամ չլեգիտիմ, դրսի կամ ներսի, իմ կամ ուրիշի համար՝ սա մենք պետք է անենք մեր համար: Սա յուրաքանչյուրիս աշխատանքն է, և սա մենք պետք է անենք 1915 թվականի զոհերի հիշատակի համար, մեր ներկայի համար ու մեր ապագա սերնդի համար:
Եվ դա անելու համար ոչ մեկից շնորհակալություն ակնկալել պետք չէ:
Թևան Պողոսյան՝ ֆեյսբուք