ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
Ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների և ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՊՆ, ԶՈւ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, վարչությունների և առանձին բաժինների պետեր ու տեղակալներ, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կառավարության առընթեր ԱԱԾ սահմանապահ և ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի, պետական այլ կառույցների ներկայացուցիչներ:
Օպերատիվ հավաքի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի, ծավալվող իրադարձությունների ու գործողությունների, խաղաղարար առաքելությունների և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վերլուծությամբ:
Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հավաքներին ներգրավված անձնակազմին դասախոսությունների միջոցով ներկայացվել են ՀՀ տնտեսության ներկա վիճակի ու զարգացումների, միջազգային համագործակցության, արտաքին քաղաքականության, ՀՀ ԶՈւ պատրաստության, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների ու բարեփոխումների, սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների համառոտ նկարագիրը:
Օպերատիվ հավաքի շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է ռազմարդյունաբերության հայրենական արտադրանքի նմուշների ցուցադրություն: Հավաքի մասնակիցները ծանոթացել են հատուկ սպառազինության, ռազմական տեխնիկայի, կապի ժամանակակից միջոցների մի շարք նմուշների, դրանց կիրառման և գործարկման ձևերին ու հնարավորություններին:
Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը կշարունակվի մինչև մարտի 26-ը: