Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն նախագահ Գալուստ Սահակյանին դիմեց հարցով, թե ինչո՞ւ նա չի սաստում այն պատգամավորին, որոնք իրենց իրավունք են վերապահում մեկ այլ պատգամավորի հորդորել օգտվել իր պատգամավորական լիազորություններից:
«Չի կարելի, որ պատգամավորը պատգամավորին հորդորի, որ մի մեկնաբանիր, մի օգտվիր կանոնակարգից, սա անընդունելի է»,- ասաց Հեղինե Բիշարյանը՝ նկատի ունենալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին:
Նա Օսմանյան կայսրությունում հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկման ժամանակ հորդորել էր այդքան երկար չքննարկել մի հարց, որին բոլորը կողմ են:
Այս հայտարարությանը ի պատասխան Ալեքսանդր Արզումանյանը ասաց. «Դա ասում են մարդիկ, որոնք ներկայացնում են այն կոալիցիան, որը կարծիք հայտնելու համար հարյուրավոր մարդկանց բանտերն է նետել: Դուք ինձ եք ասում կարծիք հայտնելու համար: Ընդամենը ասել եմ, որ քանի որ կոնսենսուսային տեքստ է, յուրաքանչյուր ելույթ ունեցող սկսում էր նրանից, որ ուշացած է: Երկու ու կես ամիս կայքում դրված է, ասում եք՝ ինչի՞ մեզ ցույց չեք տվել։ Գայինք, ձեր տեղը ձեր կոմպյուտերները միացնեինք, որ դուք ծանոթանայիք, առաջարկներ ներկայացնեիք»: