Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմական արդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում:
Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, դրանց պատրաստման ու նորոգման տեղամասերին, ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներին: Պաշտպանության նախարարին են ներկայացվել նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մշակված նորարարական արտադրատեսակները:
Կարևորելով ռազմարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման գործընթացը զինված ուժերի ընդհանուր կարողությունների զարգացման համատեքստում, ՀՀ պաշտպանության նախարարը շրջայցի ընթացքում ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և նախանշել որոշակի ուղղություններ:
Ռազմական արդյունաբերության համալիրի զարգացման շարունակականության ապահովումն, անշուշտ, ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս առումով ակնհայտ են վերջին տարիներին զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինության ու տեխնիկայի նմուշներով համալրելու գործընթացին միտված քայլերի հետևողականությունը: Այս խորապատկերում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում իրականացվող աշխատանքները ՀՀ ՊՆ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են: