Վերջերս ՀՀԿ նախագահի և «Ժառանգության» վարչության երկու անդամների միջև տեղի է ունեցել միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդակցություն։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ փորձելով մեկնաբանել կուսակցությունում առկա տարաձայնությունները: 

Ինչպես պնդեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ինքն անձամբ նման հանդիպման չէր գնա, սակայն իրենց կուսակցությունում գործում է ծայրահեղացված ազատություն։

«Իմ բացակայությամբ լիազորությունները դրված էին Արմեն Մարտիրոսյանի վրա։ Ես հանդիպման հնարավորության մասին իմացել եմ, բայց հանդիպման մասին իմացել եմ միայն կայանալուց հետո։ Իհարկե, իմ բացակայությամբ եղել են մեթոդաբանական սխալներ, ոչ կշռադատված քայլեր։ Եղել է ներքին վեճ, որն այսօր դարձել է բաց վեճ»,- ընդգծեց կուսակցության առաջնորդը։

Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը որևէ առաջարկ Սերժ Սարգսյանից չի ստացել, ինչն էլ ապացուցում է՝ սա ոչ պաշտոնական հանդիպում է եղել։