«Հրապարակ» թերթը գրում է.

«Երբ Սերժ Սարգսյանը բարձրացրեց Գագիկ Ծառուկյանի կողմից հարկերը չվճարելու հարցը, հանրապետական շրջանակներում սկսեցին խոսել, թե հերթը հասնելու է բոլորին: Մանավանդ հարկայինն սկսեց ստուգումներ անցկացնել նաև ՀՀԿ բիզնեսմենների կազմակերպություններում:

Անկախ հարկային պարտավորությունների և տուգանքների չափերից, օդում առկախված է մնում գլխավոր «ինչուն»՝ ի վերջո, ի՞նչը ստիպեց յուրայինների վրա ևս բանեցնել հարկային մահակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խուսափեց հարցին հստակ անդրադառնալ. «Չգիտեմ ինչ հերթականություն եք նշում, բայց էդ հաջորդականությունը չկա, պարզապես բոլորը պիտի հարկային դաշտում լինեն հավասար, և ստուգումները լինեն հավասարապես»:

Իսկ ինչո՞ւ մինչ օրս հավասարության ծիրում չէին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Միհրան Պողոսյանի, Սաշիկ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի և այլ բարձրաստիճանների բիզնեսները: Բաղդասարյանը հորդորեց թվարկել դրանք, որպեսզի կարողանա պատասխանել՝ արդյոք ստուգում կատարվե՞լ է, թե ոչ, հակառակ դեպքում՝ չի մեկնաբանի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: