Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում գործող կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն, որը հարթակ կծառայի պաշտպանական համակարգում կիբեռանվտանգության խնդիրների բացահայտման և նորարական լուծումների մշակման համար: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի ծրագրերին, նպատակներին և խնդիրներին:
Ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումներ, մշակել նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև պատրաստել բարձրակարգ մասնագետներ պաշտպանական համակարգում հետազոտական նախագծեր իրականացնելու համար: Սրանք կիբեռանվտանգության գերազանցության կենտրոնի առաջնային խնդիրներից ընդամենը մի քանիսն են, որոնց կյանքի կոչման գերնպատակը մեկն է` ինովացիոն տեխնոլոգիական շունչ հաղորդել պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումներին:
Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև ուսումնական նոր կենտրոնի հետ պաշտպանության նախարարության համագործակցության եզրերի քննարկմանն էլ նվիրված էր ԵրՄՄԳԻ-ում կազմակերպված խորհրդակցությունը, որի ընթացքում ուսումնական կենտրոնի ղեկավար կազմն ու տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետները, հիմնական զեկույցներից բացի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացրին մի շարք երկկողմ փոխշահավետ ծրագրային առաջարկություններ: Շնորհակալություն հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքի համար և անչափ կարևորելով գիտելիքահենք տնտեսություն-ազգային բանակ գաղափարները` պաշտպանության նախարարը վստահություն հայտնեց, որ համագործակցելով տեխնոլոգիական առաջատար միջազգային ընկերությունների հետ՝ կենտրոնն իսկապես կծառայի իր նպատակին:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը շրջեց նաև «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացավ տեղական և արտասահմանյան մի շարք ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումներին ու ծառայություններին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև ինստիտուտի տարածքում նոր կառուցվող ՊՆ ռազմարդյունաբերական արտադրանքի շնորհանդեսային կենտրոնում, հայկական պլանշետների արտադրության մասնաշենքում` տեղում ծանոթանալով իրականացվող աշխատանքներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին: