ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրեն եւ իր ընտանիքը պաշտպանելու համար ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության նոր ղեկավար է նշանակել կնոջ: Պատմության մեջ առաջին անգամ է, որ այդ պաշտոնը կին է զբաղեցնում:`Ջուլիա Պիրսոնը, ով ավելի վաղ աշխատել է որպես Գաղտնի ծառայության շտաբի պետ, կդառնա պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը: Սակայն դրա համար անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը:
Հիշեցնենք, որ այս ծառայության նախկին ղեկավար Մարկ Սալիվանը հրաժարական էր տվել անցյալ ամիս մի քանի սկանդալներից հետո, որոնցից ամենաաղմկոտը տեղի էր ունեցել Կարթագենում` Արեւմտյան կիսագնդի երկրների գագաթաժողովի ընթացքում, երբ բացահայտվել էին Գաղտնի ծառայության մի քանի գործակալների կապերը մարմնավաճառների հետ:
Գաղտնի ծառայությունը, նախագահից բացի, զբաղվում է նաև նրա ընտանիքի ու նախկին նախագահների պահպանությամբ, ինչպես նաև պայքարում է ամերիկյան արժույթի ու պետական պարտատոմսերի կեղծման դեմ: