Վերջին օրերին Եմենում իրականացվող օդային հարվածները վկայում են, որ 10 մուսուլմանական երկրներից բաղկացած կոալիցիայի օդուժի հարվածներն ուղղված չեն Եմենի ռազմաօդային ուժերը վերջնականապես ոչնչացնելուն: Դրանք ավելի շուտ ուղղված են ապստամբների վերահսկողության տալ ընկած եմենական օդուժը չեզոքացնելուն: Մենք գիտենք, որ եմենական զգալի տարածքներ գտնվում է ալ-Կաիդա-ի վերահսկողության տակ: Այդ հատվածներում, ինչպես նաև հութիներին օդից ճնշելու համար դեռևս անելիքներ ունեն նաև եմենական ռազմաօդային ուժերը:
Հետևաբար.այս պահին պետք չէ ոչնչացնել դրանք:
Ինչ վերաբերում է Եմենում տեղի ունեցող ռազմական գործողություններին և հութիների այժմ էլ շարունակվող առաջխաղացմանը, ապա կարելի է եզրակացնել, որ շիադավան հութիները ոչ միայն ունեն արտաեմենական աջակցություն, այլ ստանում են եմենական որոշ ռազմական ստորաբաժանումների օժանդակությունը: Հավանաբար, դրանք այն բանակային ստորաբաժանումներն են, որոնց հավատարիմ են մնացել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին:
Երեկ Սալեհը (նա նույնպես իսլամի շիա-զայդիական ուղղությանն է պատկանում) կոչով հանդես եկավ՝ դադարեցնելու բախումները հակամարտող կողմերի միջև, սակայն, դա առավելապես նման էր լավ կազմակերպված բեմադրության: Սալեհը, կարծես լուսանցքում է հայտնվել, չնայած եմենական ներկայիս իրողության վրա դեռևս զգալի ազդեցություն ունի՝ ցանկանալով վերստին դառնալ երկրի նախագահ:
Սակայն, մեկ այլ իրողություն էլ այն է, որ ներկայիս նախագահ ալ-Հադին ընդունելի լիդեր է շատ արաբական երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից: Դա հատկապես երևաց Եգիպտոսում՝ Արաբական պետությունների լիգայում ալ-Հադիի ընդունելությունից:
Սարգիս Գրիգորյան՝ ֆեյսբուք